Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հիշեցում ՀՀ, ԼՂՀ իշխանություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հունվար 12, 2010թ. 18:09

Bus,WebԲաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին հարկ ենք համարում արձանագրել, որ 1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում: Այս նենգափոխության հետեւանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է ոչ թե ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով ԼՂ քաղաքական հիմնախնդրի պատերազմական ճանապարհով լուծելու ցանկությունը, այլ` ադրբեջանական ագրեսիայից արցախահայության պաշտպանվելու իրավունքից օգտվելու փաստի դատապարտումը:

Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ԼՂ հիմնախնդրին վերաբերող բոլոր բանակցությունների, պաշտոնական եւ ոչ պաշտոնական զրույցների ընթացքում  պաշտպանեն հետեւյալ դրույթները.

– ԼՂ հիմնախնդրի առաջացման պատճառը այդ տարածաշրջանի կամայական բռնակցումն էր Ադրբեջանական ԽՍՀ-ին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո 1920-1921թթ. եւ դրան հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների վարած խտրական քաղաքականությունն ու բռնաճնշումները,

– 1988թ. փետրվարի 20-ին  արցախահայությունը ԼՂԻՄ-ի ենթակայության խնդիրը բարձրացրել էր բացառապես քաղաքական հարթության վրա: Ադրբեջանի իշխանությունները այս գործելակերպին պատասխանեցին Սումգայիթյան ցեղասպան գործողությամբ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքում հայ բնակչության էթնիկ զտումներով, ինչի արդյունքում մինչեւ 1990թ. հունվարի 19-ը ավելի քան կես միլիոն հայեր դարձան փախստական եւ վտարվեցին Ադրբեջանից,

– 1991թ. Ադրբեջանը դիմեց պատերազմական գործողությունների ընդդեմ արտաքին աշխարհից կտրված, կղզիացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ` հայեր եւ ադրբեջանցիներ ստիպված էին լքել իրենց նախկին բնակության վայրերը,

– պատերազմն Ադրբեջանի համար ունեցավ անփառունակ ավարտ` այդ երկիրը ռազմական պարտություն կրեց: Քաղաքական խնդիրը բռնությամբ լուծելու Ադրբեջանի ձգտումը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի, մեծագույն ավերածությունների, իսկ ավելի քան 1,2 միլիոն մարդու դարձրեց փախստական եւ բռնի տեղահանված:

Ցանկանում ենք հիշեցնել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որ.

– ԼՂ հիմնախնդիրն այսօր այլեւս չի սահմանափակվում միայն Արցախի միջազգային ճանաչումով, այն էլ` ԼՂԻՄ-ի սահմաններում,

-հայերի հանդեպ էթնիկ զտումներ ու բռնություններ իրագործվել են ոչ միայն ԼՂ-ի տարածքում (ինչպես հայտարարում է ՀՀ ԱԳ նախարարը), այլ` Ադրբեջանի ողջ տարածքում,

– ՀՀ-ն արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով իրավունք ուներ միջամտել իրադարձություններին թե´ քաղաքական, թե´ ռազմական քայլերի դիմելու միջոցով,

– տեղի ունեցածի համար պատասխանատու են ոչ միայն Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները, այլեւ ողջ ժողովուրդը, որը պատասխանատվություն է կրում սեփական իշխանությունների գործողությունների համար,

– էթնիկ զտումներ եւ պատերազմական գործողություններ նախաձեռնած Ադրբեջանական Հանրապետությունը պետք է փոխհատուցում տա Հայաստանին, Արցախին եւ ադրբեջանահայությանը հասցված բոլոր վնասների համար:

Փախստականները և միջազգային իրավունքը  քաղաքացիական հասարակության ցանց


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն