Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

ՍԴ-ի կայացրած որոշման ամբողջական տեքստը

Հունվար 12, 2010թ. 20:17

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թ. հունվարի 12-ին քննության առնելով «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասինե և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ.

ա) նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին.

բ) միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած` «հաշվի առնելով», «նկատի ունենալով», «ճանաչելով», «նշելով», «ղեկավարվելով», «ձգտելով», «գիտակցելով», «կարևորելով», «հաստատելով», «վերահաստատելով», «հավաստելով», «վկայակոչելով», «հիշեցնելով», «ընդունելով», «համոզված լինելով» և այլ եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, ձգտումներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ և այլն, որոնք նկատի ունենալով` պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարտավորություններ: Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները` «…հաստատել դիվանագիտական հարաբերություններ» և «…բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետևաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև փաստացի սահմանի բաց լինելու և կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար.

գ) նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ: Առավելապես շեշտադրումը կատարվում է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա: Ուստի սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա (համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի a) ենթակետի), որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն կդառնա ինքնուրույն քննության առարկա.

դ) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությամբ նախատեսված` ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը:

ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է նաև, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում` նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության ու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման և դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն