Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն

Խորհրդային Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց իր ժողովրդի նկատմամբ

Հունվար 13, 2010թ. 13:48

manasyanՄեր զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը

-Միայն 20-րդ դարում Բաքվում երեք անգամ հայկական ջարդեր են կազմակերպվել. 1905թ.,1918թ. և վերջինը՝ 20 տարի առաջ։ Ինչո՞ւ մինչ այժմ այդ ջարդերին, մասնավորապես վերջին ջարդերին, որևէ գնահատական չի տրվել։

-Առաջին խնդիրը, որը ծագում է տվյալ հարցի կապակցությամբ, այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի, որպեսզի Բաքվում 20-րդ դարասկզբին և 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը միջազգայնորեն ճանաչվեն և որակվեն որպես ցեղասպանություն։ Միանշանակ պարզ է, որ դա հայկական կողմի խնդիրն է։ Բայց ուզում եմ ընդգծել մեր պասիվությունը, որից  օգտվում է ադրբեջանական կողմը։ Իհարկե, միջազգային հանրությունը կարող էր այդ հարցը բարձրացնել, բայց պետք է հաշվի առնենք այն, որ նմանատիպ խնդիրների սրումը միջազգային հանրության կողմից միշտ քաղաքականացված է լինում, և այդ ճանապարհին ինչ-որ մի պահի, ինչ-որ մի երկիր այդ փաստարկը կարող է մեջտեղ բերել՝ այն հօգուտ իրեն օգտագործելու համար։ Այդ խնդիրը պետք է հետամտեն Հայաստանի Հանրապետությունը և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին պետք է անի ԼՂՀ-ն, որովհետև ժամանակին ԼՂ ինքնավար մարզը, որպես խորհրդային տիպի պետականություն, ստեղծվել է ադրբեջանահայության շահերի պաշտպանության համար։ Այս հանգամանքը  նրանց թույլ է տալիս փաստարկների, վկայությունների հրապարակումների հիման վրա ներկայացնել տեղի ունեցածը։

Այն, որ Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին, ակնհայտ է։ Ինչպես հայտնի է, 1988-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում Խորհրդային Հայաստանին միավորվելու խնդիրը բարձրացվեց։ Արցախահայությունը ոչ թե պահանջեց, այլ խնդրեց Ադրբեջանի Գերագույն խորհրդին միավորվել Հայաստանին։  Այդ խնդրանքին ի պատասխան՝ Ստեփանակերտից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա հայերի ջարդ կազմակերպվեց։ Հայեր, ովքեր ոչ մի առնչություն չունեին ղարաբաղցիների բարձրացրած հարցի հետ, հայեր, ովքեր Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներն էին։ Այսինքն՝ նրանց սպանել են միմիայն ազգային պատկանելության համար, և հենց դա միայն ցույց է տալիս, որ այն, ինչ տեղի է ունեցել Խորհրդային Ադրբեջանում՝ Սումգայիթից սկսած, և Բաքվում շարունակված, ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն։

-Ադրբեջանը անընդհատ կեղծում է պատմությունը։ Բաքվի դեպքերի հետ կապված՝ նրանք հերթական անգամ ամեն ինչ գլխիվայր շրջած են ներկայացնում՝ նկարագրելով, թե ինչ վայրագություններով են հայերը Բաքվում կոտորել ադրբեջանցիներին. ու նման ապատեղեկատվությանը մեր պատմաբանները, մեր իշխանությունները, չգիտես ինչո՞ւ, կարծես թե նորից «ըմբռնումով» են մոտենում, ու պատասխանը նորից լռությունն է։ Դուք ասում եք, որ ժամանակն է արդեն, որ նման խնդիրներին ավելի ակտիվ մոտեցում  ցուցաբերվի, ի՞նչ պետք է անել դրա համար։

-Համապատասխան պետական պատվեր պետք է տրվի գիտնականներին, ովքեր մինչ օրս աշխատում են ընդամենը իրենց ներքին ձգտումով, աշխատում են մեկը մյուսից անջատված, առանց ծրագրի։ Պետական պատվեր է պետք, պետական քաղաքականության խնդիր է դա, և հուսով եմ, որ շատ շուտով այդ խնդրում նոր որակ կունենանք։

Նախորդ ղեկավարությունը, հատկապես առաջին նախագահը, այս հարցը չէր բարձրացնում, իմ կարծիքով, սխալ պատկերացումներից ելնելով։ Որովհետև նա նույնացնում էր Խորհրդային Ադրբեջանից, Սումգայիթից, Բաքվից և այլ տեղերից կոտորածների հետևանքով Հայաստանում հայտնված փախստականներին և Հայաստանից Բաքու ու Սումգայիթ գնացած ադրբեջանցիներին։ Սա շատ սխալ մոտեցում էր, որովհետև վերջիններս, որոնք բնակարանափոխություն էին կատարում, այդ կերպ փող էին վաստակում, և Հայաստանից հեռանում էին իրենց համար նպաստավոր պայմաններում։ Այսօր պետք է բարձրաձայնել, որ այստեղից տեղափոխված ադրբեջանցիները ոչ միայն իրենց համար շահավետ ձևով են կատարել բնակարանափոխանակումները, այլև Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից իրենց թողած բնակարանների դիմաց փոխհատուցումներ են ստացել։ Ուստի, նրանցից և ոչ մեկը, ըստ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, փախստականի կարգավիճակ չունի և չի կարող ունենալ։

-Ըստ 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի, Բաքվի դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն, առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ փաստը հաստատելու համար։

-Իրականում, այո, ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց խնդիրն այն է, որ պաշտոնապես դա այդպես չի որակվում։ Առաջին քայլը պետք է լինի այն, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող հայերին, որպես հավաքական կերպար, տրվի ադրբեջանահայութուն անվանումը,  և ապացուցել, որ նրանց նկատմամբ, որպես ղարաբաղյան հակամարտության հիմնական զոհերի, որպես այդ տարածքի դարավոր տերերի, ցեղասպանություն է իրականացվել։

Armar.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն