Բաքվի հայերը համոզված են` կատարվածը ցեղասպանություն էր
Բաքվի ջարդերից ացել է 20 տարի: Ողբերգությունն ապրած ականատեսները պատմում են իրողությունն ու փաստում` կատարվածը ցեղասպանություն էր: «Բաքվի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը համոզված է, որ աշխարհին կարող ենք ապացուցել Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության փաստը, եթե պետական մոտեցում ցուցաբերվի.
«Հասարակական կազմակերպությունները չեն կարող միայնակ գործը գլուխ բերել: Մենք կարող ենք փաստեր, տվյալներ, ապացույցներ հավաքել, բայց պետք է պետությունը, արտգործնախարարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկեն»: ՀԿ-ի ղեկավարը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պետությունը բավարար ուշադրություն, օգնություն չի տրամադրում փախստականներին: «Կարծես փախստականների խնդիր Հայաստանում գոյություն չունի էլ: Դեռ տարիներ առաջ նախկին նախագահ Ռ. Քոչարյանին Սլովակիայում հարց տվեցին, թե ինչպես է Հայաստանում փախստականների վիճակը, և հետևեց պատասխանը` մեզ մոտ փախստականներ չկան, դրանք հայեր են, ովքեր վերադարձել են պատմական հայրենիք»:
Ըստ Ռ. Խաչատրյանի, լուծված չեն Հայաստանում բնակվող փախստականների բնակարանային խնդիրները: Նրա խոսքերով, փախստականները համաձայն են ազատագրված տարածքներում սեփականության իրավունքով տուն ունենալ, քան հանրակացարանում ժամանակավոր բնակարան: «1996թ. այս իշխանությունը հայտարարեց, որ 3 տարվա ընթացքում փախստականների բնակարանների հարցը կլուծվի, 1998-ին նոր ժամկետ դրվեց` 2-3 տարի:
2003թ նոր ժամկետ սահմանվեց` կրկին 2-3 տարի: Այդպես է արվում, որ փախստկանները Հայաստանից չհեռանան»:
Հկ-ի նախագահը բարձրացնում է նաև տարիներ շարունակ քննարկվող` փախստականներին ՀՀ քաղաքացու անձնագիր տալու խնդիրը: Բանն այն է, որ նրանք երկընտրանքի առաջ են` կամ ՀՀ քաղաքացու անձնագիր, կամ փախստակականի փաստաթուղթ:
«16 տարին լրացած երեխաներին աձնագիր չեն տալիս: Փախստականի փաստաթուղթը տրվում է 16 տարեկանում:
Բայց 16-20 տարեկան մեր երեխաները չեն կարող առանց անձնագրի բուհ դիմել, աշխտանքի ընդունվել, սոցիալական ապահովագրությունից չեն կարող օգտվել, անգամ հիվանդանոցում բուժօգնություն չեն կարող ստանալ», -ասում է Ռ.Խաչատրյանը: «Մեր պետությունը հայ փախստականների հարցերով պետք է լրջորեն զբաղվի:
Ադրբեջանի հետ բանակցություններում, տարբեր հանդիպումներում մերոնք լռում են, մինչդեռ ադրբեջանցիները աղաղակում են, աշխարհին տեղեկացնում, թե ինչ պայմաններում են ապրում իրենց «միլինավոր փախստականները»:
ArmAr.am












