Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրք պատմաբանը դասախոսություններ է կարդացել Ցեղասպանության թեմայով

Հունվար 13, 2010թ. 18:58

Տարեսկզբին թուրք այլախոհ մտավորական, Մինեսոտայի համալսարանի դասախոս Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություններ է կարդացել Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է «Երկիր» շաբաթաթերթը:

Լիբանանահայության հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում: Ներկա է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար որպես ազգային անվտանգության խնդիր» դասախոսության ընթացքում թուրք պատմաբանն անդրադարձել է Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը, Թուրքիայի ներկա քաղաքական վիճակին, ԵՄ անդամակցության հիմնահարցերին:

Դասախոսության վերջում իր խոսքն է ասել Արամ Ա կաթողիկոսը. «Կարո՞ղ էիք երեւակայել, որ մեկուկես միլիոն նահատակների կտակը իր հոգու պարտքը համարող Հայոց կաթողիկոսը թուրք մտավորականի դասախոսության եզրափակիչ խոսք ասեր այն սրբավայր մայրավանքում, ուր տակավին անթաղ են մնացել ցեղի անմեղ զոհերի աճյունները` աշխարհի հուշարձան-մատուռում ամփոփված»:

Նորին սրբությունը շեշտել է Հայոց ցեղասպանության պատմական իրողության անժխտելիությունը, որից չեն կարող խուսափել ո՛չ Թուրքիան, ո՛չ միջազգային հանրությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խնդրին` կաթողիկոսը տարբերակել է «բնականոնացում» եւ «հաշտեցում» բառերը. առաջինը պետությունների միջեւ քաղաքական պայմանագրեր կնքելու խնդիր է, երկրորդը` ժողովրդի դառը հիշողության սրբագրում` սխալն ընդունելու նախապայմանով:

Նշենք, որ թուրք պատմաբանի եւ լիբանանահայ մտավորականության հանդիպում է կազմակերպել նաեւ ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենյակը: Դասախոսության թեման է եղել «Հայոց ցեղասպանությունը իբրեւ մաս ժողովրդագրական քաղաքականության»:

Պատմաբանը հաստատել է, որ Օսմանյան կայսրության վարած ժողովրդագրական քաղաքականության նպատակն է եղել ունենալ միայն թուրքերից բաղկացած հասարակություն, եւ այդ ծրագիրն իրականացնելու համար թուրքական կառավարությունը դիմել է բոլոր հնարավոր միջոցներին` բռնի տեղահանություններ, ցեղասպանություն: Ըստ նրա` դրանք հաստատող բավարար ապացույցներ կան արխիվներում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն