Արմեն Ռուստամյան. «ՍԴ-ն գնաց մի քիչ անհասկանալի և տարօրինակ ճանապարհով»
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀՅԴ-ն համոզված է, որ Սահմանադրական դատարանը բավարար հիմք ուներ հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար: Բայց սրանով հանդերձ ՀՅԴ-ն կարծում է, որ իր արտահայտած մտահոգությունները որոշակիորեն արտացոլված են ՍԴ որոշման մեջ:
Եվ այսօր Դաշնակցությունը գտնում է, որ ՍԴ որոշման մեջ տեղ գտած իրավական գնահատականները պարտադիր կերպով պետք է վերածվեն արձանագրությունների մաս կազմող վերապահումների:
«Մեր պահանջն այն էր, որ արձանագրություններն, ի վերջո, հակասահմանադրական ճանաչվեն: Սա վերապահումների անհրաժեշտությունը կդարձներ անխուսափելի: ՍԴ–ն գնաց մի քիչ անհասկանալի եւ տարօրինակ ճանապարհով` ճանաչեց սահմանադրական, բայց նշեց, որ հետագա քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ–ի իրավական դիրքորոշումներին ու Սահմանադրությանը: Սա, ըստ էության, վերապահումների անհրաժեշտության մասին է խոսում»:
Նրա խոսքերով՝ այլ տեսակետ է քննարկվում, թե կարելի է հղում կատարելով ՍԴ որոշմանը՝ հարցը լուծված համարել, և եթե ԱԺ–ն արձանագրությունները վավերացնի, հղում կատարելով ՍԴ որոշմանը, ապա հարցը փակված է, սակայն դա այդպես չէ, քանի որ եթե իրավական որոշումը չունի միջազգային օրենքներով նախատեսված վերապահումների նշանակություն, ապա այն որևէ ուժ չունի։
Արմեն Ռուստամյանը արձանագրությունները վերապահումներով վավերացնելու երկու ճանապարհ է նշել` առաջին, կամ դրանք պետք է նախաձեռնի հանրապետության նախագահը, երկրոդ, կամ նման հնարավորություն պետք է ստանա խորհրդրանը: Հաջողություն չարձանագրելու դեպքում` դաշնակցությունը խոստանում է փաստաթղթերը չեղյալ հայտարարելու գործընթաց սկսել, որը քաղաքական առումով, Արմեն Ռուստամյանի ձեւակերպմամբ, իշխանափոխություն է նշանակում:
Այն հարցին, թե, «Դաշնակցությունն ի զօրու կլինի՞ ավարտին հասցնել իշխանափոխության գործընթացը» հարցին Ա. Ռուստամյանը պատասխանել է, որ Դաշնակցությունն ի զօրու կլինի, եթե այս տեսակետների հետ կապված ունենա հասարակության համապատասխան աջակցությունը։
ArmAr.am












