ԼՂՀ Ասկերանի շրջանում ջրատարի գործարկման հետ մեծ հույսեր են կապում
Կայուն ոռոգման համակարգի առկայությունն է, որ կարող երաշխավորել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Ասկերանի շրջանում այդ ուղղությամբ կատարված աշխատանքներում ակնհայտ են թե ձեռքբերումները, և թե բացթողումները:
Բաց, հողային ջրանցքը որոշ հատվածներում անհարմարություններ էր ստեղծում Իվանյանում եւ Ասկերանում` թե բնակելի եւ թե վարչական շենքերի համար: Որոշ հատվածներում բաց ջրանցքը փոխարինվել է խողովակաշարով:
Նախագծային պահանջների համաձայն` դրա թողունակությունը պետք է կազմեր վայրկյանում 410 լիտր: Փոխարենը, այսօր այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 60 լիտր/վայրկյան: Պատճառը շինարարության ընթացքում տեղ գտած թերություններն են: Կառավարությունը նման վիճակում օբյեկտի ընդունումն անթույլատրելի է համարում: Ասենք, ոլորտի պատասխանատուներն էլ այլընտրանք չեն տեսնում: «Առանց հետաձգելու համապատասխան հանձնաժողով կկազմվի եւ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն»,- վստահեցնում է ԼՂՀ ԿԱ Ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը:
Սովետարխ ջրանցքի «Թունել» կոչվող տեղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նախկինում ջրի ամենամեծ կորուստները հատկապես այդ տեղամասում էին գրանցվում: Այսօր այդ հատվածի թողունակությունը կազմում է 2,5-2,8 մետր խորանարդ` մեկ վայրկյանում,- մանրամասնում է Ջրային տնտեսության վարչության պետը:
Ասկերանի շրջանում այդ ջրատարի գործարկման հետ մեծ հույսեր են կապում. ի վերջո, դա թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել Կարկառ գետի ջրերը, կարեւորում է Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Արվիդ Ղուլյանը:
Կատարված աշխատանքների իրական նշանակությունը, սակայն, ավելի մեծ է: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի լրացուցիչ ջուր հասցնել նաեւ Խաթունարխ ջրանցքին: Արդյունքում մոտ 2.5 հազար հա հողատարածք կօգտվի ոռոգման համակարգից: Դեռ ավելին. դա թույլ կտա ջուրը ոչ միայն դաշտերին հասցնել, այլեւ ամբարել` ամառային անջուր ամիսներին օգտագործելու համար:
Իսկ Խաթունարխի երկայնքով որոշ հատվածներում արդեն սկսվել էին ոռոգման աշխատանքները: Որ ջուրն իրոք Խաթունարխով Բերդաշենի ջրամբարին է հասնում` կառավարության ղեկավարն անձամբ համոզվելու առիթ ունեցավ: 350 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբարն արդեն կիսով չափ լի է: Դա մշակովի հողերի մի զգալի հատված կապահովագրի ոչ միայն գարնանային, այլեւ ամառային անջուր ամիսներին: «Դա թույլ կտա ապահովագրել 300-350հա հողատարաքներ»,- կարեւորում է Բերդաշենի համայնքի ղեկավարի տեղակալ Յուրիկ Հովսեփյանը:- Այդ տարածքներում ոչ միայն հացահատիկ, այլեւ այլ մշակաբույսեր եւ խաղող է աճեցվում: Ջուրն այսօր հասնում է ցանքսերին. եթե չենք օգտագործում` թերությունը մեզանում պետք է փնտրենք»:
Ն. Հովսեփյան
Ստեփանակերտ
ArmAr.am












