«ՀՀ ՍԴ-ն ճիշտ որոշում է կայացրել»
Սահմանադրական դատարանը օրերս որոշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այս կարևոր իրավաբանական-քաղաքական իրադարձությունը, բնականաբար, գտնվում է միջազգայնագետների, քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Կազմակերպվում են քննարկումներ, տեսակետներ են հնչում ասուլիսներում ու հարցազրույցներում:
«-Որոշումը ճիշտ է»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Եթե գործընթացը պետք է կասեցվի, ապա այն չպետք է լինի Հայաստանի մեղքով, ասել է բանախոսը,- Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ եմ համարում մարտավարական տեսանկյունից, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը եթե կասեցվելու է, ապա դա չպետք է լինի Հայաստանի պատճառով: Պետք է հիշենք, որ միջազգային հարաբերությունները դա շոու է, որը ցույց են տալիս երկրները միջազգային հանրության համար: Այստեղ մեղավորը չպիտի լինի Հայաստանը, այսինքն, չպետք է այն տպավորությունը ստեղծվի, որ Թուրքիան ուզում էր գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ հայերն էին, որ չէին ուզում»:












