Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրք փորձագետ. «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ակտիվացնում եք, բայց, ի սեր աստծո, ուշադրություն դարձրեք ձեր հնարավորություններին»

Հունվար 14, 2010թ. 13:51

777Թուրքական «Milliyet» օրաթերթում հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը քննադատող մի հոդված, որը հեղինակել է թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: Նա նախ ողջունում է Ահմեթ Դավութօղլուի դրսևորած առօրյա պրագմատիզմը, որը հատուկ է միջազգային քաղաքականությանը, ապա նշում, որ Դավութօղլուի` արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո զգալիորեն փոխվել է Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսը: Բիրանդի ձևակերպմամբ` Դավութօղլուն Թուրքիայի արտաքին քաղաքականությանն անհրաժեշտ ակտիվություն հաղորդեց, ինչի համար արժե ծափահարել:

Բայց միևնույն ժամանակ կան քննադատության արժանի հանգամանքներ: Թուրք փորձագետը նկատել է տալիս, որ Թուրքիան վերջին շրջանում նախաձեռնում է շատ երկրների հետ հիմնել ռազմավարական հարաբերություններ: Մինդեռ նորմալ երկրները սովորաբար ստրատեգիական հարաբերություններ հիմնում են սահմանափակ թվով երկրների հետ: Այլապես այդ գաղափարն արժեզրկվում է:

«Օրինակ` Միացյալ Նահանգները ռազմավարական հարաբերություններ ունի ընդամենը երեք երկրների հետ` Կանադա, Մեծ Բրիտանիա և Իսրայել: Իսկ Թուրքիայի համար էլ օգտագործվում է ստրատեգիական գործընկերություն արտահայտությունը, որի բովանդակությունը փուչ է: Այդուհանդերձ, այդ բնորոշումն ավելի շատ օգտագործում են հենց թուրքերը: Իսկ ամերիկացիները դա անում զուտ մեր սիրտը շահելու համար»,- համոզված է Բիրանդը: Նա նաև անդրադառնում է Թուրքիայի`  ամեն տեղ միջնորդ պետության դեր ստանձնելու մարմաջին:

«Դավութօղլուն իրեն և իր կադրերին ծանրաբեռնում է» ենթավերնագրի ներքո` թուրք վերլուծաբանը նշում է, որ միջնորդի դեր ստանձնելը վարկանիշային լինելուց բացի նաև վտանգավոր է, քանի որ հաջողության հասնելու դեպքում բոլորը ծափահարում են, իսկ ձախողման դեպքում ամեն ինչ միանգամից կարող է կորստի մատնվել:

Մեհմեդ Ալի Բիրանդը ընդգծում է, որ Թուրքիան շարունակ խոսում է Պաղեստինի, Լիբանանի, Վրաստանի, Պակիստանի, Իրանի, Եմենի հարցերում միջնորդի դեր ստանձնելու մասին:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ակտիվությունն ավելացնում եք, բայց, ի սեր աստծո, ուշադրություն դարձրեք ձեր հնարավորություններին: Ընդլայնեք ձեր աշխատակազմը և մի ճանկեք ամեն մի խնդիր»,- խորհուրդ է տալիս թուրք վերլուծաբանն ու նշում, որ այդ իրավիճակում Թուրքիան կարող է հայտնվել ամեն հարցի մեջ խառնվող, բայց ոչ մի արդյունքի չհասնող պետության անուն վաստակելու վտանգի առջև:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն