Դաշնակցությունը որոշել է փոխել իր ռազմավարությունը
Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո ընդդիմությունը արդեն փոխելու է պայքարի իր ռազմավարությունը: Թե ի՞նչ մարտավարություն է որդեգրելու ՀՅԴ-ն, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մի քանի փակագծեր է բացել այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նախ, Վ. Հովհաննիսյանը նկատել է, թե ինքն անձամբ բավարարված չէ ՍԴ-ի որոշումից, քանզի համոզված է, որ ներկայացված բոլոր փաստարկներն ու ապացույցները բավարար էին հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը չհամապատասխանող կամ մասնակիորեն չհամապատասխանելու որոշում կայացնելու համար:
Սակայն, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ամեն ինչ անհուս չի համարում. «ՍԴ որոշումը կարելի է վերապահում դարձնել արձանագրություններում»,- համոզված է պատգամավորը: Ավելին, Հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշումից հետո հիսաթափություն արտահայտած ուժերին, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կոչ է անում` չհիասթափվել:
Նա կարծում է, որ այժմ իրենց առաջ բացվել է պայքարի նոր դաշտ, և դա Ազգային ժողովն է, ուր ՀՅԴ-ն «Ժառանգության» հետ միասին շատ գործ ունի անելու: «Դուռը շրխկացնելով փակում ես դեպի սեփական հաղթանակ տանող ճանապարհը: Հիասթափությունը գուցե գալիս է պայքարի հետագան չպատկերացնելուց: Իսկ պայքարի ընթացքում կարող են լինել տարբեր իրավիճակներ, հիասթափվել ու հետ կանգնել պետք չէ»,- ասում է Վահան Հովհաննիսյանը:
ՀՅԴ-ն կվերադառնա՞ կոալիցա
Եթե խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի դաշնակցականների նախընտրած ձեւով, այսինքն` վերապահումներով, հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը վերադառնա Կոալիցիա. «Ոչ»,- եղավ ՀՅԴ խմբակցության ղեկավարի պատասխանը: «Այդ հարցն ինձ տրվել է 42 անգամ, բայց ես զարմանում եմ, ինչո՞ւ է այդ հարցն այդքան մտահոգում բոլորին: Ճիշտ է, այս պատճառով դուրս եկանք եւ պատճառը փարատված չէ դեռ, եւ նույնիսկ եթե մեր առաջարկած ձեւով վավերացվի, միեւնույնն է, մենք երջանիկ դրանից չենք լինելու, որովհետեւ մեր պահանջն այն է, որ ընդհանրապես բեկանվեն, ընդհանրապես մերժվեն այդ արձանագրությունները»:
Ստրատեգիականից անցում տակտիկականի
Քանի որ այս վերջին պահանջն առայժմ իրատեսական չէ, ՍԴ-ի որոշումից հետո Դաշնակցությունը որոշել է փոխել իր ռազմավարությունը, ասում է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Դատարանի որոշումը վերապահումների հիմք դարձնելու համար անհրաժեշտ է անցնել երկար ճանապարհ: «Ստրատեգիական խնդիրներից անցնում ենք տակտիկականի. ինչպե՞ս պետք է այդ վերապահումները կատարվեն: Ներկայիս օրենքով վերապահման իրավունքը, դրա հնարավորությունը տալիս է միայն գործադիր իշխանությունը: Այսինքն` ով պետք է ՍԴ-ից հետո ԱԺ բերի արձանագրությունները, եթե նախագահը, ուրեմն նա էլ պետք է, համաձայն այսօրվա օրենքի, բերի վերապահումները: Այսօր փաստորեն ստացվել է մի իրավիճակ, որ ԱԺ-ն կարող է կամ ընդունել, կամ չընդունել դրանք: Մենք ի՞նչ ենք անելու. «Ժառանգության» պատգամավորների հետ միասին մենք պետք է պայքարենք, որ այդ օրենքը փոխվի եւ ԱԺ-ին վերադարձվի վերապահում կատարելու իրավունքը: Դա, իհարկե, նաև արտաքին ճնշումները նախագահի վրայից կթուլացնի»:
«Մենք, իհարկե, պետք է աշխատենք ոչ թե անհատ պատգամավորների խղճի վրա ազդելու ճանապարհով: Սա ճանապարհներից մեկն է եւ ոչ` ամենակարեւորը: Մենք պետք է աշխատենք, որ նրանց կուսակցական գիծը համապատասխանի այս առաջարկին: Վիճակը անհույս չէ»:
ԱԺ-ն չի կարող «ձեռքերը լվանալ»
Սակայն, մինչ այս աշխատանքին անցնելը հաղթահարելու նոր խնդիրներ էլ կան: ՍԴ-ի որոշումից հետո Վահան Հովհաննիսյանը խոսակցություններում նկատել է մտահոգիչ մի երանգ:
«Մենք նկատում ենք, որ արդեն որոշակի թելադրանք կա, որ ԱԺ-ն ընդհանրապես այլեւս ոչ մի բանին չի կարող խառնվել` ՍԴ-ն ամեն ինչ արեց: Բայց մենք թույլ չենք տա, որ ԱԺ-ն «ձեռքերը լվանալ», որովհետեւ ԱԺ-ն պարտավոր է լրջությամբ անդադառնալ այս փաստաթղթին: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի նախ պետք է հիշի ով է իր պատգամավորը, որովհետեւ շատերը տեղյակ չեն, եւ իր պատգամավորի վրա գործադրի օրինական ճնշման բոլոր մեթոդները, որոնք կպարտավորեցնեն Աժ-ի պատգամավորներին ամենայն լրջությամբ վերաբերել ՍԴ վճռին»:
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը ԱԺ-ում քննարկելու ժամկետների առումով` Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց կանխատեսումներից: Հարցերի քննարկման հերթականությունը որոշելու իրավունքը վերապահված է ԱԺ նախագահին: Այսինքն` նա կարող է հարցի քննարկումը կամ առաջ բերել, կամ ընդհանրապես հետաձգել:
ArmAr.am












