Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Դա մեր դիվանագիտության կոպիտ սխալն էր

Հունվար 14, 2010թ. 16:32

«Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտության կոպիտ սխալն էր, եթե ոչ ձախողումը, թույլ տալը, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրվեր փաստացի սահմանի ճանաչման վերաբերյալ դրույթը: Դա իսկապես որևէ առնչություն չունի ոչ համատեղ սահմանի բացման հետ, ոչ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի համակցվել երկու պետությունների միջև գոյություն ունեցող պետական սահմանի ճանաչմամբ»,– այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Թե ինչու է նման բան տեղի ունեցել Վ.Պողոսյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ բանակցային գործընթացը եղել է փակ, և ընթացել է փորձագետների լիակատար բացակայությամբ, հայկական կողմից՝  ՀՀ արտգործնախարարությունն է հանդես եկել որպես բանակցող։ Նրա կարծիքով, ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող այս բանակցությունները չպետք է նման ձևով ընթանային, դա թերություն է, որից պետք է դասեր քաղել ու աշխատել շտկել։
Արձանագրություններում փաստացի սահմանների ճանաչման կետը` սահմանադրագետի դիտարկմամբ, անընդունելի է։ Սակայն այդքանով հանդերձ, ըստ նրա, արձանագրությունների վավերացումը` անգամ այդ տեսքով, առաջին հերթին բխում է Հայաստանի, այլ ոչ թե՝ Թուրքիայի շահերից:

«Իմ կարծիքով, հենց դա է պատճառը, որ Թուրքիան է առաջին հերթին ձգձգում վավերացման գործընթացը և այս արձանագրությունների վավերացման հետ կապված՝ ցանկանում է որոշակի վերապահումներ կատարել »,-ասաց Վ.Պողոսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն