Թուրքիան` իբր հարևանների հետ զրո խնդիր ունենալու համար, բացելու է հայագիտության ամբիոն
Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը: Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի փոխռեկտոր,պրոֆեսոր Մեթին Հյուլագուն հայտնել է, որ իրենք արդեն հաջորդ ուսումնական տարում կուսուցանեն հայոց լեզու և հայ գրականություն: Հիշեցնենք, որ հայոց լեզվի ֆակուլտետ ավելի վաղ բացվել էր Թուրքիայի Նևշեհիր քաղաքի համալսարանում:
Տեղեկացվում է, որ այդ համալսարանում բացվելու են նաև հնդկերենի, պարսկերենի, արաբերենի և եբրայերենի ֆակուլտետներ: Համալսարանի այդ նախաձեռնությունը Հյուլագուն պայմանավորել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությամբ, որի նպատակն է` իբր հարևանների հետ զրո խնդիր ունենալը:
«Այդպիսի արտաքին քաղաքականության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները համալսարաններն են ձևավորում: Մենք էլ, որպես Էրջիյես համալսարան, ստանձնել ենք մեր չափով պատասխանատվություն այդ գործում»:
Փոխռեկտորը նաև նշել է, որ Թուրքիայի և տարածաշրջանի սոցիալ-քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով մտադիր են հիմնել ռազմավարական հետազոտությունների կենտրոն:
ArmAr.am












