Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վրաստան, Տարածաշրջան

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Թբիլիսիի համար»

Հունվար 14, 2010թ. 17:09

tbilisiՎերջերս www.eurasianet.org կայքում տեղադրված մի հոդվածում Թբիլիսիի անկախ լրագրող Նինո Պացուրիան իր մտահոգություններն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման դեպքում` Վրաստանին սպառնացող տնտեսական դժվարությունների մասին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հոդվածը կրճատումներով.

«Հայթուրքական սահմանի բացման հեռանկարները դեռևս մշուշոտ են, և վրացական ընկերությունների ղեկավարները գոհունակությամբ են դա ընդունում: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնախնդիրների առկայությունը ցույց է տալիս, որ Վրաստանի ձեռներեցները դեռ կպահպանեն իրենց եկամուտները»:

Խոսելով անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ձգձգման մասին, հոդվածագիրը նշում է, որ մի շարք փորձագետներ կասկածում են, որ այդ արձանագրությունների դրույթները երբևէ կիրագործվեն:

«Վերջին 16 տարիների ընթացքում, սկսած այն պահից, երբ ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանն ու Թուրքիան փակեցին Հայաստանի հետ իրենց սահմանները, Վրաստանը Հայաստանի համար դարձավ դեպի արևմտյան և ռուսական շուկաներ տանող միակ ելքը: Հայաստանի բեռները հասնում են Վրաստանի սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ, իսկ այնտեղից` մի քանի հարյուր կիլոմետր ձգվող երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխվում Երևան: Ռուսաստանի տարածքով ձգվող ավելի կարճ ճանապարհն անցնում է վրացական բարձրլեռնային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետով, որը 2006 թվականից փակ է: Նախորդ տարվա դեկտեմբերին վրացական և ռուսական կողմերը պայմանավորվել են բացել այդ անցակետը. այս տարվա մարտին, որոշ տեխնիկական մանրամասներ կարգավորելուց հետո ակնկալվում է, որ այն կբացվի»:

«Հայթուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի՝ որպես տարանցիկ հանգույցի կարգավիճակի վրա: Հայկական կողմը, հաշվի առնելով թուրքական ավելի ցածր տարանցիկ սակագները, գտնում է, որ Թուրքիայի սևծովյան Տրապիզոն կամ միջերկրածովյան Մերսին նավահանգիստներն ավելի գրավիչ են հայ ներկրողների և արտահանողների համար: Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, 2009 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով Հայաստանի բեռնափոխադրումները կազմել են Վրաստանի ընդհանուր տարանցիկ փոխադրումների 13 տոկոսը: Իհարկե, նախարարությունում չկարողացան ճշգրտել այդ տոկոսների գումարային արժեքը …»:

Վրաստանի ավտոփոխադրումների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի  գնահատմամբ, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը Վրաստանի տարածքով կարող է կրճատվել մինչև 40 տոկոս, սակայն ոմանց կարծիքով այդ կրճատումներն ավելի քիչ կլինեն:

Այդուհանդերձ, Վրաստանում հույս ունեն, որ «Վրացական երկաթգծեր» պետական ընկերությունը հաջողությամբ կարող է դիմակայել թուրքական մրցակցությանը: Վրացիները մատնանշում են ավտոմոբիլային բեռնափոխադրումների թանկությունը (դրանք կրկնակի թանկ են երկաթուղային փոխադրումների համեմատությամբ): Նրանց կարծիքով, Թուրքիայի և Հայաստանի միջև հիմնականում գործելու է բեռնափոխադրումների հենց այս տեսակը, քանի որ Թուրքիայում երկաթուղային տրանսպորտը բավարար զարգացած չէ, և ուղիղ երկաթուղային հաղորդակցություն գոյություն չունի Երևանի և Տրապիզոնի միջև: Բացի այդ, մատնանշելով Հայաստանի և Վրաստանի խորհրդային չափանիշներով կառուցված երկաթգծերի լայնությունը, որը տարբերվում է թուրքականից, նրանք գտնում են, որ երկաթուղային փոխադրումների դեպքում Հայաստան-Թուրքիա սահմանի վրա լրացուցիչ ծախսեր կպահանջվեն բեռներն այլ բեռնասայլակների վրա տեղափոխելու համար և այլն: Հաշվի առնելով այս բոլորը, «Վրացական երկաթգծեր» պետական ընկերության բեռնափոխադրումների տնօրենը կանխատեսում է, որ թուրքական սահմանի բացման դեպքում, Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումները կկրճատվեն ընդամենը 2 տոկոսով:

Հայկական կողմի խոսքերով. «Հայաստանի արտահանողները, հաշվի առնելով թուրքական երկաթուղային փոխադրումների թանկ սակագները դեռ չեն պատրաստվում արմատական փոփոխություններ մտցնել: Սակայն, դրությունը կարող է փոխվել, եթե Թուրքիան դրանք վերանայի»: Հայկական կողմը նաև նշել է, որ երկաթգծերի լայնության տարբերության պատճառով բեռների տեղափոխությունների հետ կապված դժվարություններն այնքան էլ մեծ չեն, և Հայաստանի արևմուտքում գտնվող Ախուրյան քաղաքի երկաթուղային կայարանում հաջողությամբ կկատարեն այդ աշխատանքը:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն