ՀՀ ԱԳ նախարար.« Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի համար լուրջ ազդանշան է»
«Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիայի համար, որ պետք է ստանձնած պարտավորությունները կատարել»,- այսօր այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին զույգ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանը, ինչպեսև Թուրքիան, իրենց վրա պարտավորություն են վերցրել իրենց երկրներում վավերացնել դրանք: Վավերացման ճանապարհը Հայաստանում, Նալբանդյանի խոսքով, ի տարբերություն Թուրքիայի, դժվար է ու բարդ:
«Թուրքիայում արձանագրությունները ուղղակի պետք է վավերացնի այդ երկրի խորհրդարանը, իսկ այդ փաստաթղթերը խորհրդարան են մտել դեռևս հոկտեմբերին, իսկ ահա Հայաստանում դրանք որոշակի ճանապարհ են անցել, մինչև հասել են Սահմանադրական դատարան, որը դրանք համարեց սահմանադրական, թեպետ ըստ ժամկետների, կարող էր որոշում կայացնել փետրվարի վերջերին», -հավելեց նախարարը:
Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետներ ասելով, նախարար Նալբանդյանը հասկանում է չձգձգել գործընթացը և արհեստականորեն չխոչընդոտել գործընթացը: Միաժամանակ նա նշեց, որ հայկական կողմը կանի այն ամենը, ինչ նախատեսված է վավերացման գործընթացի շրջանակներում:
ՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը ևս նկատեց, թե Ռուսաստանը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: «Որքան արագ ընթանա այդ գործընթացը, այնքան լավ կլինի ամբողջ տարածաշրջանի համար», -հավելեց Լավրովը:
ArmAr.am












