Գլխավոր » Լրահոս

Ջերմուկում նոր տարիներն ավելի առատ են լինելու

Հունվար 15, 2010թ. 12:30

41979898Համաձայն մեր ազգային խառնվածքի` ամանորյա սեղանը պետք է լինի առատ, անթերի, յուրօրինակ… Ինչպես ամբողջ հանրապետությունում, գողտրիկ Ջերմուկ քաղաքում, նույնպես, բնակչությունը ջանում է հնարավորինս հավատարիմ մնալ այս սովորույթին: Թեև նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին բոլորն էլ գանգատվում են , թե ու՞մ է պետք այս անիմաստ եռուզեռը, վազվզոցը…

Փաստորեն, ամեն տարի առատ սեղաններով Ամանոր դիմավորող հայ ազգը մեծ հույսերով է լցվում, թե լիության, առատության տարի է լինելու: Իրականում ՀՀ-ում  վերջին տարիներին միջին աշխատավարձը տատանվում է 40-50 հազար դրամի սահմանում:

Ջերմուկում էլ է այդպես: Այնտեղ հավատացնում են, որ, չնայած սոցիալական դժվար պայմաններին, ամիսների քրտնաջան աշխատանքը բեկոր-բեկոր հավաքելով` փորձում են հավուր պատշաճի նշել այս տոնը:

Ի պատիվ 2010-ի` ջերմուկցիները ևս գնացին զոհողությունների` հաշվի առնելով պահի անհրաժեշտությունը: «Ֆինանսական կայունությունն ապահովելու համար դեռ որոշ ժամանակ պետք կգա»,-նշում է տեղաբնակ Հենրիկ Խաչատրյանը`ավելացնելով, որ Նոր տարին լուսավոր պահ է յուրաքանչյուրի կյանքում: « Ամանորյա գիշերը մենք ակնկալում ենք, որ այն իղձերի, երազանքների իրականացման տարի է լինելու, հենց այս հոգեբանությունն է ստիպում մեզ անել անհնարինը: Այս ամենի մեջ մենք մեծ սեր ու նվիրում ենք դնում: Հենց դրա համար էլ ամեն ինչ լավ է ստացվում: Առանց սիրո ոչինչ չենք կարող անել: Ու նաև մեր քաղաքի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ է, որ շատ-շատերի նման չենք թողնում մեր տունն ու բռնում գաղթի ճանապարհը»,-ասում է Հ.Խաչատրյանը:

Ջերմուկում բնակչության մեծ մասը հույսով ու հավատով  է լցված քաղաքի վաղվա օրվա  նկատմամբ: Տարեցտարի շինարարական նոր աշախտանքներ են ձեռնարկվում, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր ու զարգացման հեռանկարներ: Ճիշտ է դանդաղ քայլերով, բայց այստեղ նկատելի են նաև պետական հոգածության արդյունքները: Մնում է հուսալ, որ գալիք տարիները սոցիալական տեսանկյունից ավելի առատ ու հոգեբանական տեսանկյունից պակաս հոգսառատ են լինելու:

Արփինե Ավետիսյան

ArmAr.am



Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն