Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջան. այս տարածաշրջանում նման անունով պետություն գոյություն չէր ունեցել

Հունվար 15, 2010թ. 13:00

55Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20 տարի առաջ, չի կարելի պատահականություն կամ որոշակի իրադարձությունների հետևանք համարել, քանի որ տեղի ունեցածը՝ շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ազերիական կանխամտածված ու ծրագրավորված հանցագործությունների շղթայի, որի նպատակն էր պատմական հայրենիքի բնիկ ժողովրդի՝ հայերի բնաջնջումը։ Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին Բաքվում մի քանի անգամ տեղի ունեցած հայկական ջարդերին, ինչպե՞ս դրանք տեղի ունեցան, այդ ամենը կարելի՞ է որակել ցեղասպանություն, թե՞ ոչ։ Այս և մի շարք այլ հարցեր պարզաբանում է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի դոցենտ Յուրա Հովսեփյանը։

«Մեկնարկը» տրված էր

1905թ. փետրվարի 6-ին Բաքվի նահանգապետ Նակաշիձեի իմացությամբ և հրահանգով, թաթարական (այդպես էին կոչվում այդ ժամանակ ադրբեջանցիները) խաժամուժը հարձակվում է հայկական թաղամասի, հայերի տների վրա։ Հրկիզումներն ու կոտորածը շարունակվում են երեք օր։ Որից հետո միայն անպաշտպան Բաքվի բնակչության պաշտպանությունը կազմակերպում է ՀՅԴ նշանավոր գործիչներից մեկը՝ Նիկոլ Դումանը ։ Հայերը ոչ միայն կարողանում են պաշտպանվել, այլև իրենք են անցնում հարձակման։ Երկօրյա թեժ կռիվներից հետո Բաքվի թաթարական վերնախավը խնդրում է, որպեսզի զինադադար կնքվի և ավարտվեն ընդհարումները։

Բաքվի իրադարձությունները սկիզբն էին այն արյունահեղությունների, որոնք շարունակվեցին 1905-1906թթ. Երևանի, Ելիզավետպոլի նահանգներում, 1906թ.՝ նաև Թիֆլիսի նահանգում։

Առաջին ընդհարումները, որ տեղի ունեցան Բաքվում, կռիվներ էին` վերնախավի թելադրանքով, և չունեին այն բնույթը, որը կարելի է ցեղասպանություն անվանել։ Թեև կատարաման մեխանիզմները, եղանակը, որով տեղի թաթարներն իրականացնում էին հայերի կոտորածը, թալանը, հետագայում, երբ ընդունվեց «գենոցիդ» տերմինը, կարող էր լիովին համապատասխանել դրան։

Բաքվի հայկական ջարդերը կազմակերպել էր Ցարական Ռուսաստանը, և նպատակն այն էր, որ Անդրկովկասի ժողովուրդներին հեռու պահեր հեղափոխական շարժումներից, միջէթնիկական ընդհանրումներով փորձեր շեղել ուշադրությունը բուն հեղափոխությունից։

Ե՞րբ ծնվեց Ադրբեջանը և ո՞ւմ հաշվին

1917թ. ռուսաստանյան հեղափոխությունների ընթացքում շարունակվեցին ընդհարումները  հայ և թաթար բնակչության միջև։ Հեղափոխություններից հետո բավականին ծանր իրավիճակ ստեղծվեց, քանի որ Ռուսաստանում կենտրոնական իշխանություն գոյություն չուներ։ Տեղի թաթարական կազմակերպությունները փորձում էին հարձակվել հայկական բնակավայրերի վրա, փակում էին ճանապարհները, սպանում էին ռազմաճակատից Հայաստան վերադարձող հայ զինվորներին։

1918թ., երբ լուծարվեց Անդրկովկասյան միացյալ պետությունը, առաջացան երեք հանրապետություններ։ Եվ առաջին անգամ Անդրկովկասում՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների մի մասի վրա, ստեղծվեց պետություն, որը կոչվեց Ադրբեջան։ Ադրբեջան անվանումը պատահական չէր ընտրված. թուրքերը ցանկանում էին իրականացնել իրենց պանթուրքիստական ծրագիրը և հավակնություններ ունեին բուն Ադրբեջանի, այսինքն՝ Հյուսիսային Պարսկաստանի այն շրջանի վրա, որը հնում կոչվել էր Ատրպատական, հետագայում, երբ արաբները գրավել էին այդ տարածքը, այն կոչվել էր Ազրբայջան։ Փաստորեն Անդրկովկասի հյուսիսարևելյան շրջանները հռչակելով Ադրբեջան՝ միտում ունեին այդ Ադրբեջանին հետագայում կցել նաև պարսկական Ադրբեջանը։

Այսպիսով, քարտեզի վրա առաջացավ մի պետություն, որը կոչվեց Ադրբեջան. երբևիցե այդ տարածաշրջանում նման անունով պետություն գոյություն չէր ունեցել։

1918թ. կոտորածների ձեռագիրը նույնն էր

1918թ., այն ժամանակ, երբ թուրքական զորքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, գրավեցին Արևմտյան Հայաստանի այն մասը, որը ժամանակին գրավել էին ռուսական զորքերը, և մտան նաև Անդրկովկաս, այդ ընթացքում տեղի ունեցան հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը։ Ղարաքիլիսայից հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Գանձակ, քանի որ որպես նորաստեղծ Ադրբեջանի մայրաքաղաք՝ Գանձակն էր հռչակվել։

Պատճառն այն էր, որ Բաքվում հաստատվել էր խորհրդային իշխանություն՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, և, այսպես կոչված, իսլամական բանակը նպատակ էր դրել նորաստեղծ ադրբեջանական պետության իշխանությունների հետ գրավել նաև Բաքուն և այն դարձնել նորաստեղծ Ադրբեջանի մայրաքաղաք։ 1918թ. հուլիսից սկսվեցին մարտերը Բաքվի համար. դրանք շարունակվեցին մինչև սեպտեմբերի 15-ը։ 1918թ. հուլիսի 31-ին Բաքվի խորհրդային կառավարությունը հրաժարական տվեց և հեռացավ Բաքվից։

Ստեղծվեց նոր կառավարություն, որը կոչվեց Ցենտրո Կասպիի կառավարություն, որն էլ իրականացնում էր Բաքվի պաշտպանությունը, հիմնականում՝ հայկական ուժերի միջոցով։ Բաքվի կոմունայի և հայ ազգային խորհրդի ուժերը միասին մոտ 17 հազար էին, և Ստեփան Շահումյանի կառավարության հեռանալուց հետո հայկական ուժերը շարունակեցին պաշտպանել Բաքուն։ Այդ ժամանակ Պարսկաստանից նրանց օգնության էին եկել նաև անգլիացիները, սակայն թուրքական և ադրբեջանական գերակշռող ուժերից նրանք չկարողացան պաշտպանել Բաքուն։

Այդ շրջանում հայերը բավականին կորուստներ ունեցան։ 1918թ. սեպտեմբերի 15-ին  թուրքերը գրավեցին Բաքուն, և հենց այդ ժամանակ էր, որ արդեն որոշում էին ընդունել հայության սպանդ կազմակերպել։ Բաքվում և դրա շրջակայքում սկսվեցին հայերի կոտորածները. որոշ տվյալներով, շուրջ 30 հազար մարդ սպանվեց այդ օրերին։ Դա արդեն իսկ էթնիկական զտում էր՝ ազգային էթնիկական հողի վրա, որը փորձում էին իրականացնել թուրքական և ադրբեջանական իշխանությունները։ Մեխանիզմներն ու եղանակները նույնն էին, ինչ որ 19-րդ դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում։ Բաքվի հայությունը, կորցնելով իր հատվածի մի մասը, բավականին թուլացավ։ Որոշ ժամանակ անց ադրբեջանական իշխանությունները դադարեցրին հայերի կոտորածները Բաքվում։

Սումգայիթի դեպքերի կոծկումը հող նախապատրաստեց Բաքվի ջարդերի համար

Ղարաբաղյան շարժման ժամանակ ևս՝ 1988թ., Խորհրդային Ադրբեջանի տարածքում առանձին ընդհարումներ տեղի ունեցան։ 1988թ. աշնանը Ադրբեջանի հայաշատ շրջանները «մաքրվեցին» հայերից։ Այդ նպատակն էր իր առջև դրել Ադրբեջանի ժողովրդական ճակատը։ Շամխորի, Դաշքեսանի, Նուխիի և այլ հայաշատ շրջաններից մեծ թվով հայեր1988թ. աշնանը` երկրաշարժի նախօրեին, հեռացան Ադրբեջանինց։ Հետագայում 1989-90թթ. պարբերաբար շարունակվեցին հայերի ջարդերը Ադրբեջանի տարածքում, վերջինը 1990թ. հունվարի 13-ին սկսված Բաքվի իրադարձություններն էին։

Փաստորեն, խորհրդային իշխանությունները, կոծկելով սումգայիթյան ողբերգությունը, հող նախապատրաստեցին Բաքվում կատարվող իրադարձությունների համար։ Բաքվի հայության ջարդը 1990թ. սկսվեց հունվարի 13-ին և շարունակվեց մինչև հունվարի 20-ը։ Խորհրդային զորքերը միջամտեցին այն ժամանակ միայն, երբ վտանգ էր սպառնում, որ Ադրբեջանում խորհրդային իշխանությունը կվերացվի։ Այդ էր պատճառը, որ հունվարի 20-ին զորքերն անցան ակտիվ գործողությունների և դադարեցրին այն խժդժությունները, որ կատարվում էին Բաքվում։

Բաքվի հայության սպանդը մի քանի անգամ գերազանցում էր Սումգայիթում տեղի ունեցածին։ Բաքվում շուրջ 200 հազար հայեր էին բնակվում և հունվարյան դեպքերից հետո Բաքվում գրեթե հայ չմնաց. մի մասը սպանվեց, մյուս մասն էլ ստիպված էր հեռանալ Բաքվից։ Փաստորեն, Ադրբեջանում մինչև ղարաբաղյան շարժումը 400 հազար հայ ազգաբնակչություն կար, որը ստիպված եղավ 2-3 տարիների ընթացքում թողնել և հեռանալ։ Այս ամենը, իհարկե, կարելի է որակել որպես ցեղասպանություն։

Այստեղ նաև կարևոր նշանակություն ունի նպատակը. Ադրբեջանի իշխանությունները, Ադրբեջանի ժողովրդական ճակատն իրենց առջև նպատակ էին դրել հայերի ֆիզիկական ոչնչացման միջոցով մաքրել Ադրբեջանի տարածքները հայերից։ Այս ամենը եթե դիտարկենք ցեղասպանության վերաբերյալ 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներով, ապա կտեսնենք, որ տեղի ունեցածն ամբողջությամբ համապատասխանում է այդ կոնվենցիայի և՜ ոգուն, և՜ տառին։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն