Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը ցանկանում է հանդիպել Բենեդիկտոս 16-րդ Պապին
1981թ. մայիսի 13-ին Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը հունվարի 18-ին` 28 տարվա ազատազրկումից հետո, ազատ կարձակվի։
Ազատության մեջ, պարզվում է, նրա առջև տարաբնույթ աշխատանքի, մեծ գումարներ վաստակելու, նաև «հերոսանալու» մեծ հեռնակարներ են բացվում։ Բացի այն, որ ավելի քան քառորդդարյա ընդմիջումից հետո որպես հերոս նա կտրորի «հայրենի երկրի հողը», նրան, ինչպես նրա փաստաբանն է ներկայացնում, 50-ից ավելի առաջարկներ են արդեն արվել՝ գրքեր հրատարակելու, ֆիլմերում ու հեռուստահաղորդումներում նկարահանվելու համար։
Հերոսացած հանցագործը, պարզվում է, առայժմ չի կողմնորոշվել, թե դրանցից որին արձագանքի, որն ընդունի։ Ամենայն հավանականությամբ, բանտային կյանքի վերջին մի քանի օրերի ընթացքում նա հաշվարկներ կանի, թե դրանցից ո՞րն է ավելի շահեկան, և որո՞ւմ ինքը նորից կզգա ինքնաբավարարվածության այն գերագույն պահը, որ ունեցավ 28 տարի առաջ։
Սակայն մինչև ապագա կյանքի վարդագույն իրականության մանրամասներով ուղեղը ծանրաբեռնելը, թուրք կալանավորը հիմա արդեն հաստատ որոշել է, որ ազատության մեջ գտնվելով, առաջին հերթին նա պետք է այցելի Հռոմ և հանդիպի Բենեդիկտոս 16-րդ Պապին։ Ոչ թե խնդրի Պապին՝ ընդունել իրեն, նա էլ մտածի՝ արժե կյանքը վտանգել, թե՝ ոչ, այլ՝ ինքն արդեն նման որոշում է կայացրել։
Պարզվում է` կաթոլիկ եղեկեցու առաջնորդին հանդիպելու որոշում կայացնելու ու նրան հեշտ ու հանգիստ հանդիպելու համար պետք է գոնե նախորդ Պապի կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցավոր գործողություններ կատարել, որից հետո, ստանալով նախորդի ներողամտությունը, կարճ ու հեշտ ճանապարհով հասնել հաջորդին։ Թե ինչ նպատակներով է Ալի Ագջան ուզում հանդիպել Պապին, առայժմ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, մանրամասները կպարզվեն «ընդունելությունից» հետո միայն:
Լքելով բանտախուցը՝ Ալի Ագջան նախ մամուլի ասուլիս կտա, ապա մտադրություն ունի երկու օր անցկացնել «Անկարա» հյուրանոցում, ապա երկու շաբաթ կհանգստանա Թուրքիայի հանգստյան տներից մեկում։
ArmAr.am












