Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին օգնել երկրաշարժից տուժած Հայիթիի ժողովրդին
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը՝ Հայիթի 53 հոգանոց փրկարարական ջոկատ ուղարկելու մասին և կոչ է արել ամերիկահայերին աջակցել փրկարական ջոկատի աշխատանքներին, նվիրատվություններ անելով կամ հայկական բարեգործական միությունների կամ Ամերիկյան Կարմիր խաչի և օգնության այլ կազմակերպությունների միջոցով:
Հայկական փրկարարական ջոկատը ստեղծվել է 1988 թվականին, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց և ավերեց Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի մեծ մասը: Փրկարարական ջոկատը բարձրակարգ մասնագետներ ունի և ապահովված է հատուկ վարժեցված շներով ու նորագույն սարքավորումներով:
Հայիթիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների (որոշ տվյալներով Հայիթիում զոհվածների թիվը կարող է զգալիորեն գերազանցել հարյուր հազարը): Հայ փրկարարները պատրաստ են արագ արձագանքելու տարերային աղետներին ամբողջ աշխարհում:
Աշխարհի տարբեր պետություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ու անհատներ հայտարարել են իրենց աջակցության մասին՝ որոշակի գումար հատկացնելով այդ երկրին ահեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












