Վրացիները դարձյալ հավակնում են հայկական եկեղեցիներին
Վերջերս Մեծ Հայքի Տայք նահանգ (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգ) են ժամանել մի խումբ «ուխտագնաց վրացի արվեստի գործիչներ»: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը` «արվեստի 80 գործիչներ» մեկնել են «Տաո-Կարջետիի (վրացիներն այդպես անվանում են պատմական Տայքը) շրջան «պատմական արմատների»` «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու:
Փաստորեն, վրացիները լուրջ հավակնություններ են ներկայացնում պատմական հայկական հուշարձանների, այդ թվում նաև Օշկի վանքի և Իշխան գյուղի տաճարի նկատմամբ:
Նշված «ուխտագնացությունը» կազմակերպվել է «Երաժշտության մեջ կենդանացած խոսք» վրացական փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Վրաստանի Գրողների միության մտահղացմամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է վրացական թերթը, այդ ծրագրի շրջանակներում փառատոնի ծրագիրը նախատեսում է «վրացի ուխտագնացների ևս մի քանի խումբ ուղարկել պատմական սրբավայրեր»:
Նշենք, որ հայկական պատմական հոգևոր և մշակութային արժեքների հանդեպ սա առաջին ոտնձգությունը չէ, որ իրականացնում է վրացական կողմը: Վրաստանի հոգևորականներն ու հասարակական գործիչները միշտ փորձել են յուրացնել ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հուշարձանները: Այսպես վրացիներն արդեն վրացական են կոչել Թբիլիսիի սուրբ Նշանը, Ախալցխայի Սուրբ Խաչը, Լոռու մարզի մի շարք եկեղեցիներ, այդ թվում նաև Հաղպատն ու Սանահինը և այլն, և այլն: Իսկ այժմ, վրացիներն անցել են թուրքական գերության մեջ մնացած Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիների «սեփականաշնորհմանը»:
Մի բան փաստ է, եթե մենք տեր չենք կանգնում և հոժարակամ հրաժարվում ենք մեր ստեղծածից, դրանք յուրացնողներ միշտ էլ կգտնվեն:
«ԱրմԱր»-ը կատարված փաստի առթիվ ակնկալում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արձագանքը:
armarlur.com
Թեգեր` Ախալցխայի Սուրբ Խաչ, Թբիլիսիի սուրբ Նշան, Հաղպատ












