Քուրդ նախկին պատգամավոր. «Վայ` Թուրքիային»
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջերս լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» քրդական խորհրդարանական կուսակցության (DTP) պատգամավոր Այսել Թուղլուքը դատարանի առջև է կանգնեցվել: Նա մեղադրվում է 2005 թվականին Դիարբեքիրում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) օգտին քարոզչություն անելու համար, մինչդեռ այն Անակարայի կողմից վաղուց ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` այսօր Անկարայի դատարաններից մեկում Այսել Թուղլուքը գրեթե 40 րոպե ցուցմունք է տվել: Հերքելով իր հասցեին հնչող մեղադրանքը` նա ասել է. «Ես ուզում եմ, որ հասարակությունն այս մասին իմանա: Ես դատվում կամ էլ այսօրինակ հարցաքննությունների եմ ենթարկվում ընդամենը իմ կարծիքն արտահայտելու համար: Մենք գողություն չենք արել, օրինախախտություն չենք արել: Այս ժողովրդին, այս հասարակությանը վնաս պատճառող ոչ մի գործողություն չենք արել: Միայն որպես քաղաքական գործիչ մեր տեսակետներն ենք հայտնել: Իսկ եթե քաղաքական գործիչն այլևս չի կարող իր խոհերն արտահայտել, ուրեմն «վայ» այս երկրին»:
Նկատենք, որ Այսել Թուղլուքը ոչ առաջին, ոչ էլ, հավանաբար, վերջին մարդն է, ով քրեական հետապնդման է ենթարկվում սեփական կարծիքը Թուրքիայի տարածքում արտահայտելու համար: Արևմտյան ատյաններն Անկարային բազմիցս կոչ են արել օրենսդրական վերամշակումներ կատարել, քանի որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կան խոսքի ազատությունը սահմանափակող հոդվածներ: Արևմտյան ժողովրդավարության չափանիշներով վերադաստիարակվող Թուրքիան, սակայն, բթամիտ աշակերտի նման այդպես էլ չի յուրացնում ասվածն ու չի վերաշտկում իր վարքագիծը: Շարունակում է խեղդել ազատամտության ցանկացած դրսևորում, ոտատակ տալ ժողովրդավարության առանցքային դրույթներից մեկը` խոսքի ազատությունը:
ArmAr.am












