Ինչ ասել է` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»
Այն, որ ադրբեջանաթուրքական ճակատի դեմ տեղեկատվական պատերազմներում մերոնք հաճախ են նահանջում, գաղտնիք չէ շատերի համար: Մեր հակառակորդների վիրտուալ ախորժակը, սակայն, այնքան է մեծացել, որ հիմա չեն բավարարվում մեզ ագրեսորի ու քոչվորի պիտակներ կպցնելով: Հիմա արդեն ադրբեջանցիներն անցել են ներհայաստանյան գաղափարական դաշտ, ցավալին ու մտահոգիչն այն է, որ այստեղ հանդիպել են մերոնց սիրալիր վերաբերմունքին:
Նոր երևույթ չէ արցախահայերին որպես այլ էթնոս ներկայացնելու, նրանց հայ լինելը մերժելու ադրբեջանաթուրքական ձգտումը: Բաժանիր, որ տիրես. հայտնի ասույթի առավել քան հասկանալի իրականացումն է: Անհասկանալի է, սակայն, հայկական կողմի խելոք ու կամավոր մասնակցությունն այս ծրագրի իրագործմանը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով բազմիցս լսում ենք` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն է կամարտահայտմամբ որոշել իր ապագան», «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարել է և ազատագրել իր հայրենիքը»: Հարց` ո՞վ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ո՞րն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիքը: Գուցե Լեռնային Ղարաբա՞ղը:
2010թ. հունվարի 8-ին ադրբեջանական «Էխո» լրատվամիջոցում հրապարակված սոցիոլոգիական հարցումներով Ադրբեջանի 700 հարցվածների 69%-ը այդ երկրի բնակչությանը համարում է ադրբեջանցիներ: Արցախահայերին ևս Ադրբեջանում ադրբեջանցիներ են համարում` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ:
Այս դեպքում ամենևին էլ պատահական չէ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» և «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների» փոխկապակցումը, երբ ոչ մի դեպքում «հայ» բառը չի օգտագործվում անգամ հայկական տերմինաբանության մեջ:
Եվ վերջապես, ինչո՞ւ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» և ոչ արցախահայություն:
Արցախում գոնե մեկ անգամ ոտք դրած մարդը կնկատի, որ այնտեղ ամեն քայլափոխի «Հայաստան», «Հայ ժողովուրդ», «Մայր հայրենիք» բովանդակությամբ պաստառներ են փակցված, անգամ ճամփեզրերին:
Արցախցիներն իրենց զավակներին հայ լինելու ազգային արժանապատվության դասեր են տալիս, իսկ Հայաստանում որոշ ուժեր շարունակում են ոգևորված պարել ադրբեջանաթուրքական մուղամի տակ` շրջանառելով` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իր հայրենիքը»… ու նման կարգի անհեթեթ արտահայտություններ:
Գուցե մի օր էլ «ԼՂԻՄ» տերմի՞նը շրջանառության մեջ դնել, որ ավելի շատ դուր գան ամենաբարեգութ միջազգային հանրությանը, իսկ գուցե «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ինքնավար հանրապետության ազգային միավոր» բնորոշո՞ւմը տալ արցախահայությանը, այս դեպքում հաստատ թուրքերը կարժանանաք թուրքերի գովեստին:
Երբևէ մտածե՞լ ենք, լրջորեն գիտակցո՞ւմ ենք, թե ինչի կարող է հանգեցնել նման անհեռատես (եթե իհարկե այդպիսին է) քաղաքականությունը: Տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ էր դրվել «գրավյալ տարածքներ» ադրբեջանամետ բառակապակցությունը: Երկար ժամանակ պահանջվեց, ի վերջո, դրանից ձերբազատվելու, քոչվորներից ազատած մեր հողերն իրենց իսկ անունով կոչելու համար: Այսօր էլ այս պատուհասն ենք մեր գլխին փաթաթում: Երբ տարիներ անց օտարները ևս արցախահայությանը սկսեն կոչել «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», որքա~ն ջանքեր ենք թափելու այդ` «թյուրիմացաբար» թույլ տրված սխալն ուղղելու համար: Բայց չէ՞ որ շատ հաճախ սխալները լինում են անդառնալի ու դրանով իսկ ճակատագրական…
Նաիրի Հոխիկյան












