Ադրբեջանը ահաբեկիչ պետություն է
Նախորդ դարում Բաքվում, հայության հանդեպ իրականացված ջարդերի մասին պատմական ակնարկ է ներկացում պատմական գիտություների թեկնածու, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Նախ փաստեմ, որ 20-րդ դարասկզբին Բաքուն ռուսական և հայկական մշակութային կենտրոն էր:
Վավերագրերում և փաստաթղթերում արձանագրված են 1905- 1906թթ, 1918թ. Բաքվում տեղի ունեցած կոտորածների մասին: Ըստ այդմ, կարող ենք նշել, որ Բաքուն երեք կոտորածների մայրաքաղաք է: Դրանց թիրախը առաջին հերթին հայ ազգն էր:
Մի ուշագրավ փաստաթուղթ է պահպանվել` վավերագրված 1905թ.: Այդ ժամանակ դեռևս ընդդիմություն համարվող երիտթուրք զինվորականները, որոնք երեք տարի անց պետք է գային իշխանության, նրանց պարագլուխներից մեկը, որը հետո անմիջական մասնակցություն ունեցավ 1915թ.ցեղասպանության ծրագրման և իրականացման գործում, գաղտնի նամակ է գրում Ադրբեջանի` իրենց համախոհներին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ձեռնարկեք բոլոր միջոցները հայերին թուլացնելու համար, որովհետև նրանք մեր հակառակորդներն են»: Բաքվում 1905-1906թ.թ. երկու փուլով տեղի ունեցան զանգվածային ջարդեր: Այդ կայծը տարածվեց Անդրկովկասի բոլոր հայաբնակ վայրերում, այդ թվում Երևանի նահանգում, Նախիջևանի տարածքում, Թիֆլիսում: Արդյունքում` մի քանի հազար հայեր զոհվեցին: 1918թ. թուրքական բանակը, որը շարժվում էր դեպի արևելք` Բաքու, ունենալով մուսաֆաթական այդ հսկայական հրոսակախումբը, դեկտեմբրի 15-ին կոտրելով Բաքվի պաշտպանների դիմադրությունը , մտնում է Բաքու: Թուրքական հրամանատարությունը 3 օր շարունակ կոտորած է իրականացնում Բաքվում, որի հետևանքով` 18 հազար հայեր զոհվեցին»:
Պատմաբանը նկատում է, որ շարունակվող ցեղասպանության վերջին դրվագը` 1990 թվականի հունվարյան դեպքերն էին: Այն միտված էր Բաքուն` վերջնականապես հայաթափելուն և որպես ադրբեջանցիների մայրաքաղաք հռչակելուն: «Պատահական չէ, որ հետագայում թիրրախ դարձավ ռուսախոս տարրը` ռուսները, ուկրաինացիները, հրեաները:
Շարունակելով իր միտքը Հայկ Դեմոյանը նկատում է. «Այսօր Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն մասն այլատյացությունն է . դրա վառ օրինակներից մեկը` Բաքվի հայկական գերեզմաններից մեկի ոչնչացումն է. դա մի խայտառակություն էր, որը տեղի ունեցավ մայրաքաղաքում` հերթական զբոսայգի կառուցելու պատրվակի տակ: Մարդիկ չգիտեին, թե ո՞ւր են տեղափոխվել իրենց նախնիների աճյունը: Դա շատ արագ տեղի ունեցավ, ոչնչացվեցին բոլոր գերեզմանաքարերը: Այդ դրվագի շարունակությունը 26 Կոմիսարների վերահուղարկավորումն էր, որոնց աճյունների տեղն այդպես էլ անհայտ մնաց: Մասնագիտական գրականության մեջ մեթոդաբանություն է մշակվում Ադրբեջանի` որպես ահաբեկիչ պետություն լինելու մասին: Ահաբեկիչ կարող է լինել անհատը, խումբը, միջազգային կազմակերպությունը, բայց կան պետություններ, որոնք հրահրում են ահաբկչություն: Երբ երկրի ղեկավարը խոսում է պատերազմ սանձազերծելու մասին` չմոռանալով այդ մասին արձանագրել` անգամ Նոր տարվա ուղերձում, ապա մենք կարող ենք ասել, որ այսօրվա ադրբեջանական պետությունը ոչ միայն այլատյաց է` իր քաղաքականությամբ թիրախ ունենալով հայերին, այն նաև ահաբեկում է սեփական ժողովրդին: Որովհետև ցանկացած նորմալ անհատ մերժում է պատերազմը, հետևաբար, նման ռազմատենչ հայտարարությունները որոշակի հոգեբանական ահաբեկչություն են սեփական ժողովրդի դեմ»:
«Սումգայիթյան կոտորածները միանվագ դրվագ չէին, դրանք ունեին շարունակականության միտում: Սումգայիթը միայն 1988-ին չէր: 1956թ. ևս Բաքվում տեղի են ունեցել ջարդեր, որոնց ստալինյան են անվանում, դրանք շատ արագ վերափոխվեցին հակահայկականի, բայց խորհրդային իշխանությունները կարողացան շատ արագ ճնշել դրանք, որպեսզի չվերածվեին լայնածավալ գործողությունների»:
Ադրբեջանաթուրքական հակահայկական ծրագրված քաղաքականության էությունը հասկանալու համար, Հայկ Դեմոյանը խորհուրդ է տալիս` լրջորեն ուսումնասիրել, վերլուծել Բաքվում կատարվածը:
Լիլիթ Պողոսյան
ArmAr.am












