Էրդողան. «Հնարավոր է սահմանդրական մասնակի փոփոխություններ լինեն»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթը:
«Հնարավոր է սահմանդրական մասնակի փոփոխություններ լինեն: Թուրքիան թող վարժվի հանրաքվե անցկացնելուն: Մեզանում այն դժվար կընթանա, քանի որ անցյալում հաճախակի չենք դիմել հանրաքվեի գործելաոճին»:
Թուրքական կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իրենք որպես իշխող կուսակցություն, Սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացման շուրջ սկսել են աշխատել դեռևս 2007 թվականից: Բայց հետո գործընթացը դադարեցվեց:
Հիշեցնենք, որ գործընթացը դադարեցվեց` Սահմանադրական դատարան «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության դեմ ներկայացրած հայցի պատճառով, որով վերջինս մեղադրվում էր հակաաշխարհիկ գործունեության մեջ։
Էրդողանը նաև նշել է, որ այդ փոփոխությունները ընդգրկուն չեն լինելու. մեջլիս ներկայացվելիք փոփոխության ենթական հոդվածների թիվը քիչ է լինելու:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից և ընդունվել 1982 թվականին:
Նկատենք, որ Թուրքիայի սահմանադրությունից դժգոհ է նաև Արևմուտքն ու անընդհատ բարձրաձայնում է դրա բարեփոխումների անհրաժեշտության մասին: Օրինակ` «Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը» նախորդ տարեվերջին հրապարակել էր մի զեկույց, ըստ որի, Թուրքիայի սահմանադրական օրենքներով երաշխավորված չէ մարդու` քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը:
ArmAr.am












