Թուրք պատգամավոր. «Արձանագրություններն այս պահին օրակարգ բերելն օգտակար չէ»
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիան կապում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առաջընթացի հետ: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը:
Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Մերջանն ասել է, որ արձանագրություններն այս պահին հանձնաժողովի օրակարգ բերելն օգտակար չէ: Նրա համոզմամբ արձանագրությունների օրակարգ բերելն ու դրանք հավանության չարժանացնելը կստեղծի միայն ներքին փակուղային իրավիճակ:
«Իմ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, հիմնախնդրի լուծման համար ստույգ քայլեր կատարելը: Եթե դա չլինի, ապա, իմ համոզմամբ, արձանագրություններն օրակարգ բերելը շատ օգտակար չի կարող լինել: Դրա համար էլ նախընտրում եմ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների օրակարգային դարձնելն առայժմ սպասեցնել»:
Տեղեկացնենք, որ, ըստ իրավական ընթացակարգի, Թուրքիայի կառավարությունն ընդունել է արձանագրությունները և վարչապետի ստորագրությամբ նամակ հղել խորհրդարան` այն վավերացման դնելու դիմումով: Մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովն էլ կանոնակարգի համաձայն պետք է 45 օրյա ժամկետում քննարկեր և կարծիք հայտներ այդ փաստաթղթերի մասին: Մինչդեռ այդ հանձնաժողովին արձանագրությունները հանձնվել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին ու մինչև օրս որևէ արձագանք չկա:
Թուրք խորհրդարանականը նաև նշել է, որ իրենք ակնկալում են, որ Հայաստանում արձանագրությունները խորհրդարան կներկայացվեն մարտ ամսին: Այդ ժամանակ, Մերջանի գնահատմամբ, Երևանը մի քայլ առաջ կանցնի Անկարայից վավերացման գործընթացում:
«Zaman»-ը նաև տեղեկացնում է, որ թուրքական «ASIM-DER» (Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի) միությունը կազմակերպել է ստորագրահավաք ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման: Հավաքված 4.000 ստորագրություններն այդ միությունն ուղարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Վերջիններս թուրքական իշխանություններից պահանջում են չբացել սահմանադուռը, քանի դեռ հայերն ադրբեջանցիներին չեն վերադարձրել «օկուպացված» հողերը:
ArmAr.am












