Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Սերգեյ Շաքարյանց.« Դա ադրբեջանցիների կամ թուրքերի հորինվածքն է»

Հունվար 16, 2010թ. 15:54

shaqaryancՎերջերս ադրբեջանական մամուլում հաճախ են հայտնվում վերլուծություններ, որոնցում արտահայտվում է այն միտքը, թե Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հետևապես` երկու երկրների միջև սահմանի բացմամբ: Ընդորում, փորձ է արվում այս «փաստը» հիմնավորել հետևյալ մեկնաբանությամբ, թե իբր`  հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ, Ռուասատանի դիրքերը կարող են թուլանալ Հայաստանում, քանի որ սահմանի բացման պարագայում Ռուսաստանի հարավկովկասյան  միակ դաշնակիցը`Հայաստանը, ազատվելով  Թուրքիայի կողմից պարտադրված շրջափակումից, դուրս կգա Ռուսաստանի ազդեցությունից ու իր հայացքը կհառի դեպի Արևմուտք, դեպի ՆԱՏՕ:

Իսկ սա, ակնհայտորեն, նշանակում է Ռուսաստանի դիրքերի թուլացում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ Հարավային Կովկասում:

Եվ ուրեմն, ադրբեջանական ու ադրբեջանամետ վերլուծաբանները մեկը մյուսի հետևից հանկարծ բացահատումներ են անում, փորձելով հուշել Ռուսաստանին` ի՞նչ անել, որպեսզի հանկարծ իրեն չլքի իր ռազմավարական գործընկեր  Հայաստանը: Հետևությունը չափազանց ուշագրավ է. պետք է սանձազերծի ղարաբաղյան պատերազմ, քանի որ միայն այդ դեպքում Հայաստանն իր հայացքը կրկին կհառի դեպի իր ռազմավարական  բարեկամը:

Այս մոտեցումների առնչությամբ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին իր պարզաբանումները տվեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

-Ադրբեջանական մամուլում ադրբեջանցի որոշ քաղաքագետների կողմից վերջերս կարծիքներ են շրջանառվում, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ձեռնտու չէ Ռուսաստանին, և այդ հարաբերությունների կարգավորումը խանգարելու համար Ռուսաստանը կարող է բորբոքել Ղարաբաղյան հակամարտությունը, որի վերջնակետը,  կլինի պատերազմը։ Ինչքանո՞վ եք իրատեսական համարում նման տեսակետները։

-Ադրբեջանական մամուլի այդ պնդումներն ամբողջությամբ անհիմն են, և կառուցված են ինչ-որ ենթադրությունների հիման վրա: Նախ ակնհայտ է, որ   սահմանը չի բացվի` առնվազն մինչև այն պահը, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայտնի փաստաթղթերը։ Պարզ է, որ Թուրքիայի կողմից` Ղարաբաղի առնչությամբ առաջ քաշված նախապայմաններն անընդունելի են այն պետությունների կողմից, որոնք շահագրգռված են կարգավորման գործընթացի շարունակականությամբ։  ԱՄՆ-ն և Ռուսաստանը կրկին անգամ ընդգծել են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու Ղարաբաղյան խնդրի կարգավորումը երկու առանձին հարցեր են և դրանց միջև փոխկապվածություն չկա։ Այնպես որ,  սահմանի բացումը կապել Ղարաբաղյան խնդրի հետ,  դա արդեն իսկ աբսուրդ է։

Բացի այդ, ոչ մի պետություն` Ղարաբաղում կամ Ղարաբաղի շուրջ, ի վիճակի չէ կազմակերպել ռազմական իրավիճակի սրացում։ Նմանատիպ հայտարարություններով ադրբեջանցիներն ուղղակի ուզում են թաքցնել իրենց ջանքերն ուղղված պատերազմի վերսկսմանը։ Սակայն ոչ ոք չի կասկածում, որ գերտերություններին ձեռնտու չէ մեր տարածաշրջանում պատերազմի վերսկսումը։ Դա բացահայտորեն արտահայտվել է 2008թ. օգոստոսին, երբ ոչ ոք չմիջամտեց Ռուսաստանի կողմից Վրաստանին խաղաղություն պատադրելուն ուղղված գործողություններին։ Այնպես որ, դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանին պետք  կլինի սրել իրավիճակը Հարավային Կովկասում։ Դա ադրբեջանցիների կամ թուրքերի հորինվածքն է, որպեսզի վաղը կամ մյուս օրը արդարացնեն իրենց իսկ ռազմական պատրաստակամության քայլերը։

Բացի այդ, երբ ադրբեջանցիները խոսում են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին, երևի թե մոռանում են, որ նույն գերտերությունները հաշվի են նստում այն փաստի հետ, որ   Ղարաբաղյան հարցով խիստ շահագրգռված ևս մի կողմ կա, դա հարևան Պարսկաստանն է, որը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը կամ Ադրբեջանը անվերահսկելի գործողություններ ծավալեն Իրանի հյուսիսային սահմաններում։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ հակամարտության գոտու ամենամեծ հատվածը սահմանակից է  Պարսկաստանի հյուսիսային սահմաններին։ Այնպես որ՝ ադրբեջանական վերլուծաբանները երևի թե ուղղակի շատ վատ կատարեցին իրենց պետության առաջնորդի քաղաքական պատվերը։

-Ադրբեջանական մամուլում այսօր հրապարկվեց հերթական կարծիք, ըստ որի` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը առանձնացնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը Ղարաբաղյան հիմնախնդրից՝ նպատակ ունի ճնշում գործադրել, որպեսի ղարաբաղյան խնդրի կարգավորումը շատ ավելի արագ լուծվի, անշուշտ՝ ի նպաստ Ադրբեջանի։

-Ես նրանց կպատասխանեմ Սերգեյ Լավրովի խոսքերով, որ նա ասաց Երևանում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Երբ ՌԴ ԱԳ նախարարին հարց ուղղվեց` արդյո՞ք, Ռուսաստանի  էներգետիկ շահերը կարող  են  վնասել Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի արտահայտմանն ու պնդմանը, նա բացահայտորեն ու անվերապահորեն պատասխանեց. «Ոչ, երբեք, ոչ մի դեպքում»։

Այնպես որ, ադրբեջանցիները մի քիչ ավելի ուշադիր թող կարդան` և’ Ռուսաստանի վարչապետի, և արտգորնախարարության բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակավ արվում են այս գործընթացների շուրջ։ Գաղտնի դիվանագիտություն

ասվածը, գոյություն չունի։ Այդ խնդրի շուրջ բացահայտ արտահայտվում են նաև  Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն