Մարդկանց հոգևոր արժեքներ փոխանցելը սրբազան գործ է
Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումը, որ կազմակերպել էր Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունը, նպատակ ուներ ներկաներին ծանոթացնել տոնի խորհրդին: Դասական, հոգևոր, էստրադային երգի ու աստվածաշնչյան խոսքի յուրօրինակ համադրումը ունկնդրին հնարավորություն ընձեռեց համոզվելու, հավատալու, որ կան արժեքներ, որոնք ամեն ինչից վեր են:
Հենց այդ արժեքներով է առաջնորդվել «Արարատ» երգչախմբի կազմակերպիչն ու ղեկավարը` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որ կարողացել է համառ նվիրումով հոգևոր խառնակչության մեր օրերում ստեղծել ազգային մաքրագույն արվեստի նվիրյալների մի գեղեցիկ համակցություն:
Տասը տաղանդավոր աղջիկներից կազմված խումբը այսօր արդեն հաջողության ճանպարհին է. դրա վառ վկայությունը ունկնդրի բարձր գնահատականն է:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի համոզմամբ, «Արարատ»-ը զարգացման ճանապարհին է. «Երգչախումբը գնահատում են ձայների ձուլվածքով, ինտոնացիայի մաքրությամբ, դինամիկ բազմազանությամբ: Սա արդն ձևավորված խումբ է: Երգացանկի ընդլայնումը թե’ երգչախմբի, թե’ ունկնդրի օգտին կլինի: Ես շատ ուրախ եմ. նոր երգչախումբ ծնվեց»:
Միջոցառմանը ներկա գտնվող Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ևս տպավորված էր համերգի կազմակերպիչների կատարած աշխատանքից. «Շատ հուզիչ էր: Կատարումները շատ որակյալ ու գեղեցիկ էին: Խոսքը շատ սրտանց էր ու խորունկ, պահին համահունչ: Այս մեկ ժամվա ընթացքում ավելի շատ հավատով ու սիրով լցվեցինք, ավելի վստահ նայեցինք ինքներս մեզ, մեզ շրջապատղ մարդկանց, ավելի շատ սիրեցինք մեր հայրենիքը:
Այս իմաստով նման միջոցառումները, հանդիպումները շատ կարևոր են բոլորիս համար: Շատ շնորհակալ եմ երգչուհիներին, կազմակերպիչներին, Արարատյան հայրապետական թեմի ղեկավարությանը, Տեր Հակոբին, որ հնարավորություն ստեղծեցին լինել այստեղ, պարուրվել այս միջավայրով, այս գաղափարներով»:
Դերասան Հովհաննես Բաբախանյանն էլ այն կարծիքին է, որ մեր օրերում շատ դժվար է բարձրաճաշակ արվեստին տալ հզորություն, ուժ և նախապատվություն: «Նայելով երիտասարդաց միության ընդհանուր մտածողությանը, պատշաճ, բարձարաճաշակ կատարումներին, ճիշտ երգեցողությանը` այսօր չեմ վախենում, որ իմ երեխաները իդեալներ կձևավորեն իրնց համար:
Այսպիսի կատարումները, այս ստեղծագործությունները, ընդհանարապես դասակաան մտածողությունը պետք է առաջնորդեն մեր գենոֆոնդին: Սա շատ կարևոր երևույթ է, այլապես տարիների մեջ մենք կկորցնեք մեր ճաշակը, հայեցի, ազգային դիմագիծը: Հանդիսատեսը հոգևոր սնունդ է ուզում, այն պետք է ճիշտ մատուցվի, ինչի ականատեսը եղանք այսօր»:
Ինչպես նշեց Արարատյան երիտասարդաց թեմի առաջնորդ հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը երգչախմբի ստեղծումը նպատակ ուներ նոր շունչ հաղորդել, ինչպես նաև ավելի շատ երիտասարդներ ներգրավել երիտասարդաց միություն. «Երգչախումբը ստեղծվեց 7 ամիս առաջ: Երգչուհիները Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարնաի ուսանողներն են: Նրանց խմբավարը Մայր Աթոռ սբ. էջմիածնից է, երգեհոնահարն ու դաշնակահարը նույնպես: «Արարատ» երգչախումբը այսօր արդեն «Արարատ» միության բաղկացուցիչ մասն է»:
Իսկ միությունը օրեցօր համալրվում է նոր անդամներով
14-ամյա Մարին երիտասարդաց միության ամենակրտսեր անդամն է: Ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին պարտաճանաչ մասնակցում արարատյան հայրապետական թեմում կազմակերպվող դասերին: «Ինձ համար գերագույն հաճույք է ներկա գտնվել եկեղեցում, լսել պատարագները, ծիսական արարողությունները, որովհետև դրանից հետո մարդը հոգեպես խաղաղվում է: Եթե ուրիշները ուրախանում են աշխարհիկ բարիքներով, հագուկապով, ես հպարտանում եմ, որ 14 տարեկանում իմ աչքերը բացվեցին, և ես հասկացա, որ հոգևորն է կարևորը: Այս ամենի համար ես երախտապարտ եմ Արարատյան թեմի առաջնորդ հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին:Այդ նրա շնորհիվ է, որ ես եկել եմ միություն, հասել հոգևոր այս մակարդակի»:
Նրա խոսքերով, միությունը բավականին ակտիվորեն համալրվում է նոր անդամներով. «Ամեն դասին 3-4 նոր ունկնդիր ենք ունենում: Մայրս էլ, հետևելով ինձ, դարձել է միության անդամ և ինձ հետ հաճախում է այդ դասերին: Ցավալին այն է, որ եթե ես դասարանում փորձում եմ խոսել եկեղեցուց, անմիջապես արձագանքում են` «հավատացյալ ե՞ս, աղանդվոր ե՞ս» : Տեր Հակոբը միշտ ուժ է տվել ինձ, որպեսզի չընկճվեմ»:
Մարին կոչ է անում աղանդավորական շարժման կողմնակիցներին դարձի գալ. «Պետք չէ հարել որևէ աղանդավորկան կազմակերպության: Մենք ունենք բազում փորձություններ հաղթահարած 1700-ամյա կրոն, որի համար այդքան պայքարել ենք: Պետք է շենացնել և զորացնել այն»:
Լիլիթ Պողոսյան












