Որ բարձրանա ՀՀ դիվանագետների ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը
Ս.թ. հունվարի 18-ին մեկնարկել է ՀՀ պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը:
2009 թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջև ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Française-Arménie) կենտրոնի կողմից իրականացվող ֆրանսերեն լեզվի դասընթացները, որոնց մասնակցելու են առավել քան 70 պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը :
Դասընթացները նախատեսված են հիմնականում ՀՀ նախարարությունների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերում ընդգրկված պետծառայողների համար:
Ֆրանսերենի ուսուցման այս ծրագիրը նպատակ ունի բարելավել միջազգային համագործակցության ոլորտում ներգրավված ՀՀ դիվանագետների և պետծառայողների ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը, որի մասին Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելիս և ամրապնդել ՀՀ պետծառայողների լեզվաճանաչողական գիտելիքները:
ArmAr.am












