Գլխավոր » Լրահոս

Պաշտոնական հանդիպումներ Եգիպտոսում

Հունվար 18, 2010թ. 12:40

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Նույն օրը կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելեց ԵԱՀ խորհրդարան: ՀՀ ԱԺ նախագահին ԵԱՀ Ժողովրդական ժողովի դռների մոտ դիմավորեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը: Պաշտոնական արարողությունից հետո հայկական և եգիպտական կողմերը հանդիպում ունեցան ընդլայնված կազմով:

Պարոն Սուրուրը ջերմորեն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը և հույս հայտնեց, որ այցի ընթացքում կողմերը համատեղ կաշխատեն պատմականորեն ջերմ և բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, այդ  համատեքստում հատուկ նշելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը:

Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հայտնեց իր զրուցակցին, որ լիովին համաձայն է հայ-եգիպտական հարաբերությունների իր գնահատականի հետ: Կարևորելով երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական համագործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը 1997թ. հայ-եգիպտական միջխորհրդարանական համաձայնագրի դրույթներին:

Երկկողմ համագործակցությունը քննարկելիս` զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել Հայաստանի և Եգիպտոսի առևտրատնտեսական համագործակցությունը: Այդ համատեքստում նրանք կարևորեցին 2010թ. ամռանը Երևանում անցկացվելիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հնարավոր կլինի ամփոփել տնտեսական բնույթի մի շարք գործնական ծրագրեր:

Հունվարի 16-ի երեկոյան ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԵԱՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին բազմաթիվ եգիպտացի պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված դեսպաններ և բարձրաստիճան դիվանագետներ, լրատվության զանգվածային միջոցների աշխատակիցներ, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ի նշանավորումն հայ-եգիպտական բարեկամության` ընդունելությանը նաև մասնակցեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը, ով սովորաբար չի մասնակցում նման միջոցառումների:

Հունվարի 18-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիֆի հետ: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Երևան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն