Ռոբերտ Բրադկե.«ԱՄՆ-ն պարբերաբար ԼՂՀ-ին իրազեկում է բանակցային գործընթացների մասին»
Այս մասին Արցախում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք , հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց:
Նախագահի հետ ավելի քան մեկժամյա առանձնազրույցից հետո ամերիկացի համանախագահն այցի նպատակները ներկայացրել է նաեւ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: ArmAr.am-ի հատուկ թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ ԱՄՆ համանախագահն ասել է. «Ես տարածաշրջան եմ եկել երկու նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպելու նպատակով: Այդ հանդիպումը նախատեսվում է այս շաբաթվա ընթացքում»,- մանրամասնել է նա: Ամերիկացի համանախագահը ԼՂՀ կատարած այցից նաեւ իր ակնկալիքներն ունի: «Ինձ համար կարեւոր է գալ Ղարաբաղ, լսել այստեղի ինչպես իշխանությունների, այնպես էլ ժողովրդի կարծիքը»,- ընդգծել է Բրադտկեն: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգների ջանքերն 2010-ին ուղղված կլինեն խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որի վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ու բարգավաճ կյանքի ապահովումը պետք է լինի: Թե այդ գործընթացում ինչպիսին կլինի հենց ԼՂՀ ժողովուրդի եւ իշխանության դերակատարությունը` ամերիկացի համանախագահը յուրովի է պատկերացնում: Նրա խոսքերով` Մադրիդյան սկզբունքները ճիշտ է, պաշտոնապես չեն ներկայացվել ղարաբաղյան կողմին, եւ դա բնական է համարում. ի վերջո` պաշտոնապես ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին, սակայն.«Մենք պարբերաբար գալիս ենք այստեղ` Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը մեր աշխատանքների մասին իրազեկելու համար,- մանրամասնում է Ռոբերտ Բրադտկեն:- Կարծում ենք` Ղարաբաղի թե իշխանությունը եւ թե ժողովուրդը պետք է տեղյակ լինի բանակցությունների մասին: Այնպես որ` տեղեկություններ են տրվում բանակցությունների ընթացքի մասին եւ այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվում»:
Ի պատասխան րագրողների հարցին` ՄԽ համանախագահը հերթական անգամ հաստատեց իր երկրի դիրքորոշում` ԱՄՆ-ը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ, բանակցային ճանապարհով: «Մենք ասել ենք, որ ուժի կիրառումը կամ ուժի կրիառման սպառնալիքը բացարձակապես անընդունելի է»,- նշել է Բրադտկեն:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












