Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին մեկնաբանում են յուրովի
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան, նշում են, թե հանդիպման ընթացքում խոսք կգնա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին: Ապա, հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին նշում են, թե, իբր` վերջինիս խոսքի համաձայն, սպասվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա`Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով` ակնարկելով, որ տեղի կունենա ձևաչափի փոփոխություն:
ArmAr.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ խնդրի առնչությամբ օրեր առաջ ինքը պարզաբանումներ է տվել, ուր հստակ նշել է, որ.«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, և Հայաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական ջանքերով նման ձևաչափով` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, նախկինում երկու հանդիպում տեղի ունեցել է: Քանի դեռ հակամարտությունն իր խաղաղ հանգուցալուծումը չի ստացել, բնական է, որ կարող են տեղի ունենալ` ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին, այնպես էլ այլ ձևաչափով նոր հանդիպումներ»:
Ինչպես նկատեց Սամվել Ֆարմանայանը.«Իր խոսքում արտասովոր ոչինչ չկա, արտասովոր կլիներ հակառակը, եթե նոր հանդիպումներ տեղի չունենային»:
Ակնհայտ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ դրսևորում են` փաստերը յուրավի մեկնաբանելու իրենց սովորույթը:
ArmAr.am












