Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրք փորձագետ. Եթե Թուրքիան չի ուզում կախման մեջ մնալ հրեական լոբբիից, ապա հնարավորինս շուտ պետք է արձանագրությունները վավերացնի

Հունվար 18, 2010թ. 16:58

taspinaro_portrait«Ընդհանուր տպավորությունն այսպիսինն է, որ Անկարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի և ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն` և Արևմուտքին, և Արևելքին նայող, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»,- թուրքական «Sabah» օրաթերթում տեսակետ է հայտնել թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը:

Վերջինս նախ նկատել է տալիս, որ եվրոպացի գիտնականներն ու լրագրողները արդեն սկսել են ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությամբ, քան Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացով:

Արևմտյան փորձագետների մեծ մասն էլ արդեն հակված է կարծելու, որ Թուրքիան` Արևմուտքի և Արևելքի միջև տարվող հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը բխեցնում է բացառապես ազգային շահերից:

Հիշեցնելով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ամենաջերմ ժամանակաշրջանը` 1996 թվականը, երբ երկու երկրները ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրում, Թաշփընարը մտահոգություն է հայտնում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: Նա ընդգծում է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարևոր ճակատը Վաշինգտոնն է:

«Անցյալում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններին նայում էր ամբողջապես ամերիկա-հրեական լոբբիի տեսանկյունից: Քանի որ, որպես Ամերիկայի հայկական և հունական հզոր լոբբիին հակակշռող էլեմենտ, մեծապես զգացվում էր հրեական լոբբիի կարիքը»,- գրում է թուրք փորձագետն ու ընդգծում, որ վերջին շրջանում իրավիճակը փոխվել է: Թուրքիայի` «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության շրջանակներում նշանակալի չափով նվազել է Ամերիկայի հրեական լոբբիի անհրաժեշտությունը Անկարայի համար:

«Եթե Անկարան Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցում արագ տեղաշարժ չանի, ապա հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության օրինագիծն անցկացնելու համար գործի կանցնի:

Իսկ եթե Թուրքիան չի ուզում այդ հարցերում կախման մեջ մնալ իրեն բարկացրած հրեական լոբբիից, ապա հնարավորինս շուտ պետք է արձանագրությունները մեջլիսում վավերացնի»,- գրում է Օմեր Թաշփընարը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն