Ոռոգման համակարգի կարգավորումը միայն տնտեսական խնդիր չէ
Ոռոգման համակարգի կարգավորումը շարունակում է մնալ ԼՂ Հանրապետության առաջնահերթությունների թվում:
Թե 2009-ին ինչ է արվել այդ ոլորտում, պարզաբանում է ԼՂՀ ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը:
2009թ. պետական բյուջեից շուրջ 1.5 մլրդ դրամ է հատկացվել ոռոգման համակարգի կարգավորման եւ կառավարման նպատակով:
Ասկերանի շրջանում այդ աշխատանքների առաջին արդյունքներն արդեն տեսանելի են: «Սովետարխ» ջրանցքի «Թունել» կոչվող տեղամասի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Եթե նախկինում այդ նույն տեղամասով անցնող ջրի քանակը կազմում էր 300-500լիտր/վայրկյան, ապա այսօր այդ նույն տեղամասի ջրթողունակությունը, ոլորտի պատասխանատուների խոսքերով, հասնում է 2.5-2.8խ/մետրի:
Ավարտվել է նաեւ «Սովետարխի» բարեկարգման ծրագրի առաջին մասը: Նախկին հողային ջրանցքն այս հատվածում արդեն փոխարինվել է երկաթբետոնե հուսալի մի համակարգով: Արդյունքում` Ասկերանի շրջանում ոռոգովի հողերը կավելանան եւս 1080 հեկտարով:
Որպես այդ ծրագրի շարունակություն` «Սովետարխը» միացվել է «Խաթունարխ» ջրանցքին:
Մարտունու շրջանի ոռոգման համակարգի կարգավորման ծրագրերի շրջանակներում վերջինիս մի զգալի հատվածը անճանաչելիորեն փոխվել է: Ջուրը «Խաթունարխով» արդեն հասնում է Բերդաշենի ջրամբար: Սա ոչ միայն գարնանային, այլեւ ամառային չորային ամիսներին ջրով կապահովի Բերդաշենի ավելի քան 1500հա տարածքները:
Զգալի աշխատանքներ են տարվել նաեւ Մարտակերտի շրջանում: Ավարտվել են մի շարք ջրանցքների կառուցման կամ բարեկարգման աշխատանքները:
Այս շրջանում մեծ հույսեր են կապում արդեն մեկնարկած հեռանկարային ծրագրերի հետ:
Մարտունու եւ Հադրութի շրջաններում հիմնական ուշադրությունը խորքային ջրերի օգտագործմանն է դարձվել: Կարգավորվել է շուրջ 7 խորքային հորերի շահագործումը:
Այս ծրագիրը եւս շարունակական կլինի: Ճարտարում, Քերթում, Քարահունջում եւ Ամարասի հովտում նորություններ են նախատեսվում արդեն 2010-ին:
Եթե այլ շրջաններում ջրի սակավությունն է խնդիրը, ապա Քաշաթաղի շրջանում լրացուցիչ ջանքեր են պահանջվում առկա ջրային ռեսուրսների կառավարման համար:
Աշխատանքներ դեռ շատ կան: Սակայն արդյունքներից էլ Սեյրան Միքայելյանը դժգոհ չէ: 2007-ին պայմանագրային դաշտ է բերվել 1600, 2008-ին` 2500 հեկտար հողեր: 2009-ին այդ ցուցանիշը հասել է 4000 հա-ի: Բայց դա դեռ սկիզբն է…
Ն. Հովսեփյան












