Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Գերմանացի փորձագետներ. Ռուսաստանը ձախողեց NABUCCO-ն, վերջին հույսն Իրանն է

Հունվար 19, 2010թ. 13:29

gp_319315«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ  Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես հայտնի է, շարունակում է հանդեսը, ԵՄ Թուրքիայի անդամակցությանը դեմ են հանդես գալիս նաև ֆրանսիական կառավարությունն ու անգլիական պահպանողականները: Սակայն բուն Թուրքիայում այս հարցին ավելի «սթափ են սկսել մոտենալ»:

«Մինչ Էրդողանի կառավարությունը նախկինի պես ձգտում է իր երկրի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն՝ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոր արտաքին քաղաքականության դոկտրինա է մշակում: Ռուսաստանի, Լիբանանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ Նոր տարվա առաջին շաբաթներին կնքված երկկողմ պայմանագրերն ուրվագծում են Թուրքիայի նոր նպատակները. մի կողմից երկիրը ձգտում է դառնալ համաշխարհային խոշորագույն տարանցիկ պետություն, իսկ մյուս կողմից՝ ստանձնել Մերձավոր Արևելքում մուսուլմանների հովանավոր-տերության դերը:

Այս շրջադարձը հազիվ թե Իսրայելի, ԱՄՆի և Եվրամիության «սրտով լինի»: Սակայն, ինչպես խոստովանում է ամսագիրը, ԵՄն կարող է Թուրքիայի թարմ ուժերն օգտագործել իր նպատակների համար:

«Էներգետիկ անվտանգությունն անհնարին է առանց Թուրքիայի» ենթավերնագրով հատվածում նշվում է, որ Եվրոպան դեռ տասնամյակներ շարունակ կախման մեջ կլինի ածխաջրածնային մատակարարումներից: Օրինակ, Գերմանիան գազի իր պահանջները բավարարում է Ռուսաստանից ներմուծվող կապույտ վառելիքի հաշվին: Նավթի մատակարարման գծով ևս Ռուսաստանը որպես գլխավոր մատակարար իր կայուն տեղն է ապահովել աշխարհում: Սակայն Ռուսաստանից ածխաջրածնային մատակարարումները կարևոր ռազմավարական թերություն ունեն»,- խոստովանում է հոդվածագիրն ու շարունակում. «Որքան շատ է Ռուսաստանից հումքի ներմուծման տոկոսը, այնքան մեծանում է նրանից Գերմանիայի կախվածությունը: Եվրամիությունը գազի բնագավառում իր խաղաքարտերը դրել է «Կասպյան էլիպսի» վրա, որպես այլընտրանք Ռուսաստանին»:

Ինչպես հայտնի է, NABUCCO խողովակաշարով նախատեսվում է դեպի Եվրոպա գազ մատակարարել Թուրքիայի տարածքով: Սակայն այս նախագիծը, գերմանացի լրագրողի կարծիքով, ձախողվեց Ռուսաստանի հաջող հակազդեցության շնորհիվ, որը հումքի մատակարարման բազմամյա պայմանագրեր կնքեց նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Այսօր միայն Ադրբեջանն է, որ Ռուսաստանին շրջանցելով, իր նավթն արտահանում է դեպի Եվրոպա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:

Կասպյան տարածաշրջանում NABUCCO-ի կառուցման պլանները, վերջնականապես, ձախողվեցին Չինաստանի ակտիվության բարձրացման շնորհիվ:

Ըստ  «Telepolis»-ի վերլուծաբանի, գոյություն ունեցող միակ շանսը NABUCCO-ն իրանական գազով լցնելն է:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն