Ուկրաինայի նախընտրական կուլիսներում` ադրբեջանական զավեշտ
ՈՒկրաինայում արդեն հաշվել են հունվարի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրության քվեաթերթիկները: Հայտնի է` ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են ընդդիմադիր` Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են ոչ միայն այդ երկրի, այլև եվրոպական երկրների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի շարք այլ պետությունների համար:
Ուկրաինական ընտրությունները առանձնակի հետաքրքրություն են առաջացրել նաև մեր հարևան Ադրբեջանում: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի բախտն այս անգամ չի բերել: Նրան վստահության քվե տվել է Ուկրաինայի բնակչության ոչ ավելի, քան 5 տոկոսը, ինչն էլ դարձել է մեր հարևան ադրբեջանցիների անհանգստության պատճառ:
Սակայն հերթով: Ուկրաինայի նախագահական ընտրությունների դիտորդների նախնական գնահատականը դրական էր` չնայած ամերիկյան դիտորդական հայացքն այս առումով ավելի խստապահանջ է եղել, ինչը չէր կարելի ասել ուկրաինական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ հաղթող թեկնածուն արևմտամետ Յուշչենկոն էր: Իսկ ահա ներկա ընտրությունների առաջին փուլում առաջին հորիզոնականում հայտնված Վիկտոր Յանուկովիչը արդեն հայտարարել է` Ուկրաինան չի անդամակցի ռազմաքաղաքական ապակայունացնող բլոկներին:
Յանուկովիչի ակնարկը Հյուսիսատլանտյան դաշինքին ու ՎՈՒԱՄ-ին էր վերաբերում: Այդ մասին Armar.am-ն արդեն նշել է: ՆԱՏՕ-ի դեպքում Միացյալ Նահանգների ղեկավարությունն արդեն անհանգստության նշաններ է ցույց տալիս` համոզված լինելով, որ փետրվարի 7-ին
Ուկրաինայի նախագահի աթոռին ռուսամետ Յանուկովիչն է լինելու:
Գլխավոր անհանգստությունն ու սարսափը, սակայն, Ադրբեջանում է: Այստեղ էլ անդրադառնանք ուկրաինական նախընտրական խոհանոցային գործընթացներին, թե ով ում հետ ինչ էր պայմանավորվել նախագահ դառնալուց հետո արտաքին քաղաքականություն իրականացնելու հարցում:
Դեռևս 2009-ի նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները որոշել էին անուղղակի մասնակցություն ունենալ Ուկրաինայի ընտրություններում` ներկայացնելով այնտեղի քաղաքացիություն ունեցող իրենց հայրենակցին: Զաուր Աբբասով Ջավանշի-օղլի անունով նախագահի թեկնածուն, սակայն, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել էր Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Ա. Ստրիժակի անունով: Հենց դա էլ ադրբեջանցի թեկնածուին գրանցելու մերժման հիմք դարձավ, քանի որ Ուկրաինայի ԿԸՀ նախագահը Վլադիմիր Շապովալն է, իսկ Ստրիժակը այդ երկրի Սահմանադրական դատարանի նախագահն է:
Արդյունքում ուկրաինական համապատասխան պետական մարմինները բացատրում են ադրբեջանական իշխանությունների ներկայացուցչին, որ երկրի օրենսդրության տարրական կանոններ և փաստաթղթերը համապատասխան մարմիններ ներկայացնելու կարողություն չունեցող մարդը չի կարող անգամ մտածել նախագահ դառնալու մասին:
Ադրբեջանի իշխանություններին այլ բան չէր մնում, քան մտածել արդեն հաստատված թեկնածուներից մեկին պաշտպանելու, վերջինիս հետ ներքին քաղաքական պայմանավորվածության գալու մասին: Ահա թե ինչու ադրբեջանական քարոզչամեքենան այնուհետև ակտիվորեն սկսեց պաշտպանել գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Վերջինս էլ խոստացավ ադրբեջանցիների օգնությունն ստանալու և նախագահ ընտրվելու դեպքում ավելացնել Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալները և Արցախյան հակամարտությունում բացահայտ ադրբեջանամետ դիրք զբաղեցնել:
Փոխարենը մյուս թեկնածու և ընտրությունների ֆավորիտ Յանուկովիչը բազմիցս է Հայաստան եկել տարբեր առիթներով ու հայտարարել մեզ հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Ահա թե ինչու մեր հարևան ադրբեջանաթուրքական ճակատը կոտրած տաշտակի քաղաքականության մեջ է:
Հ.Գ. Ռուսաստանի իշխանությւոններն արդեն հայտարարել են Ուկրաինայի նախագահի թեկնածուներից իրենց պաշտպանյալի մասին: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի կասկածում Յանուկովիչի, վարչապետ Պուտինը` Տիմոշենկոյի հաղթանակին:
Նաիրի Հոխիկյան












