Միայնակ Ադրբեջան, խառնիխուռն Վրաստան, անհանգիստ Թուրքիա
Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը:
Իհարկե, ցանկացած խնդրում գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն են որդեգրել, կնշանակի այս հարցում նրանց շահերը լիովին համընկնում են:
Այսպես, ի՞նչ շահեր է հետապնդում Ռուսաստանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից: Նկատենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար շրջանառում է այն միտքը, թե Ռուսաստանի շահերից ամենևին չի բխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Որպես ասվածի հիմնավորում` նշվում է, թե հարևան երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ` Ռուսաստանը` ի դեմս Հայաստանի, վերջնականապես կկորցնի իր հարավկովկասյան դաշնակցին. Հայաստանը, ճեղքելով շրջափակումը, հնարավորություն կստանա Թուրքիայով դուրս գալ դեպի Եվրոպա` այլևս կաշկանդված չլինելով ռուսական գործոնով: Նկատենք, որ նման շեշտադրում պարունակող «վերլուծություններ» շրջանառում է ոչ միայն ադրբեջանական, այլև վրացական քարոզչամեքենան: Եվ դա հասկանալի է:
Վրացական կողմը հստակ գիտակցում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի՝ որպես տարանցիկ հանգույցի, կարգավիճակի վրա: Վրաստանի իշխանական վերնախավում անհանգիստ են, որ հայկական կողմը, հաշվի առնելով թուրքական ավելի ցածր տարանցիկ սակագները, կհրաժարվի վրացականից, և Թուրքիայի` սևծովյան Տրապիզոն կամ միջերկրածովյան Մերսին նավահանգիստներն ավելի գրավիչ կդառնան հայ ներկրողների և արտահանողների համար:
Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, 2009 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով, Հայաստանի բեռնափոխադրումները կազմել են Վրաստանի ընդհանուր տարանցիկ փոխադրումների 13 տոկոսը: Այնպես որ լիովին հասկանալի է վրացական կողմի անհանագստությունը: Ահա թե ինչու վրաց վերլուծաբանները, շունչները պահած հետևելով զարգացումներին, շարունակում են հույս տալ վրաց գործարարներին, թե հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները դեռևս մշուշոտ են, ու պետք չէ անհանգստանալ` Վրաստանի ձեռներեցները դեռ կպահպանեն իրենց եկամուտները: Սա այն դեպքն է, երբ ցանկալին ներկայացվում է որպես իրողություն:
Նկատենք, որ տնտեսական գործոնին զուգահեռ, առկա է նաև քաղաքական գործոնը: Վրաստանը, որ երկու տասնամյակ շարունակ Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանի համար ծառայել է որպես միակ տարանցիկ ուղի, ակնհայտորեն օգտվել է իր այդ արտոնյալ վիճակից, մասնավորապես, քաղաքական հարցերում ( հիմնականում` ջավախքյան խնդրում): Մեր երկիրը վրացական կողմի դրսևորած ագրեսիվ հակահայկականությանը գրեթե ոչ մի համարժեք քայլով չի պատասխանել, փոխարենը, իրականացնելով զուսպ, հաճախ նույնիսկ չափից ավելի զիջողական քաղաքականություն: Եվ ահա այսօր Վրաստանի իշխանությունները սթափ գիտակցում են, որ շրջափակման վերացումը Հայաստանի «ձեռքերը կազատի» Սահակաշվիլու վարչախմբի ադրբեջանամետ սադրանքներից:
Դառնանք Ռուսաստանին. փաստ է, որ հյուսիսի մեր ռազմավարական գործընկերը նկատելիորեն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություններով, հետևապես, գործընթացի ակտիվ մասնակիցն է: Ռուսաստանի շահագրգռվածությունը նույնքան հասկանալի է. այս երկրի իշխանական վերնախավում անհամբերությամբ ու գոհունակությամբ սպասում են այն օրվան, երբ Վրաստանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունքում կկորցնի տարածաշրջանում իր տարանցիկ երկրի դերն ու ստիպված կլինի ոտքերը սեփական վերմակի չափով մեկնել:
Իսկ մինչ այդ ռուս քաղաքագետները նաև զգուշացնում են, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման արդյունքում կարող են նոր մարտահրավերներ նետվել հայ- ռուսական հարաբերություններին: Ռուսական կողմում առկա է այն մտավախությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները հանկարծ կարող են այնքան «բարիդրացիանալ», Հայաստանի իշխանություններն էլ այնքա~ն սիրալիր աչքով նայել ցեղասպան թուրքին, որ որոշեն դեմքով շրջվել դեպի Թուրքիա` այլևս չզգալով ռուսական զորքերի ու ռազմաբազաների անհրաժեշտությունը սեփական երկրում:
Հասկանալի է Ռուսաստանի` վրացական դառը փորձով պայմանավորված անհանգստությունը. և պարզից էլ պարզ է, որ Մոսկվան ամեն ինչ կանի որպեսզի Հայաստանում հանկարծ նման սցենար «չբեմադրվի»: Թերևս այս անհանգստությունն է պատճառը, որ Ռուսաստանը, ռազմավարական գործընկերոջ իրավունքով, վերջին մի քանի օրերի ակտիվ այցելությունների ու հայանպաստ հայտարարությունների արդյունքում փորձեց Հայաստանից բարեկամական վերջին հավաստիացումներն ստանալ: Ռուս վերլուծաբանների հնչող գնահատականներից կարելի է ենթադրել, որ հավաստիացումներն այլևս տրված են. դիտարկումներում առկա է այն մտայնությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գոնե առաջիկա 50 տարիների ընթացքում այնքան չեն ջերմանա, որ Հայաստանը ռուսներին ցույց տա իր երկրի «դուռը»: Ոմանք նույնիսկ, առավել զգացական դաշտում դիտարկելով հնարավոր զարգացուները, նկատում են, թե ռուսական բազաները վաղուց արդեն վերածվել են հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշի ու կազմում են երկու երկրների համագործակցության կարևորագույն մասնիկը:
Ի դեպ, մեջբերման կարգով ասենք, որ նման վերլուծություններն ուղղված են Արևմուտքի լսելիքին, որ վերջինս հանկարծ չտարվի ինքնախաբեությամբ ու վրացական սցենարով չփորձի Ռուսաստանից պոկել Հայաստանը:
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից շոկի մեջ հայտնված միակ երկիրն, անշուշտ, Ադրբեջանն է: Սակայն պաշտոնական Բաքուն քայլ առ քայլ համոզվում է նրանում, որ իր ձգտումը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ամեն կերպ շաղկապել հայ-թուրքական հարաբերություններին, հօդս է ցնդում: Հարավային Կովկասում պատերազմ սկսելու մասին Ալիևի խելացնոր, ռազմատենչ հայտարարությունները որևէ ազդեցություն չունեցան ո’չ Հայաստանի, ո’չ մեծ տերությունների և ո’չ էլ` առավել ևս հաղթանակած Արցախի վրա: Հակառակը, Իլհամի մոլագարության հասնող ռազմատենչությունը վերջնականապես հեղինակազրկել է նրան Արևմուտքի աչքում: Ադրբեջանի նախագահն ընկալվում է որպես անհավասարակշիռ քաղաքական գործիչ:
Փաստն այն է, որ անգամ նավթային գործոնը Ադրբեջանին չի օգնում քաղաքական միավորներ շահել այս փուլում: Եվ ուրեմն, տարածաշրջանային ներկայիս զարգացումներում Ադրբեջանն իրականում հայտնվել է խաղից դուրս վիճակում: Ինչը հիանալի գիտակցում են ադրբեջանական իշխանությունները: Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին երբեմն հիշեցնում է Թուրքիան, որը ալիևյան վարչախմբին տված խոստման համաձայն` ժամանակ առ ժամանակ աշնան կկվի պես սկսում է կանչել, թե հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվի, քանի դեռ ադրբեջանամետ լուծում չի տրվել ղարաբաղյան հիմնախնդրին:
Եթե սկզբում Թուրքիայի նման հայտարարությունները լրջորեն անհանգստացնում էին այս գործընթացի «կնքահայր» պետություններին, ապա այսօր դրանք ընդունվում են նկատելի անտարբերությամբ:
Եվ վերջապես. Այս պահին մեզ հարմար գլխավոր խնդիրն այն է, թե հայ-թուրքական գործընթացն ինչ ազդեցություն կունենա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա: Մի բան ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հնարավոր համագործակցությունը կթուլացնի Բաքվի դիրքերն ու դրանով իսկ կչեզոքացնի Հայաստանի դեմ ղարաբաղյան հարցում ինչ-ինչ լծակների կիրառումը:
Հ.Գ. Նկատենք, որ ղարաբաղյան հիմնախնդրին ռազմական լուծում տալու հարցում ևս Ադրբեջանը միայնակ է: Անգամ իր հովանավոր Թուրքիան, որի մեծագույն բաղձանքն է «համաշխարհային խոշորագույն տարանցիկ պետություն» դառնալն ու Մերձավոր Արևելքում «մուսուլմանների հովանավոր-տերության դերի ստանձնումը», ամենևին պատրաստ չէ կիսել իր ռազմատենչ «փոքր եղբոր» մոլագար ցանկությունները:
Արմինե Սիմոնյան
ArmAr.am












