Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան` սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը
«Մարդասիրական Ճեմարանում սերունդներ են կրթվել հայրենաշունչ ոգով, մեր Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի հանդեպ սիրով ու հավատարմությամբ և իրենց կյանքն ու գործը նվիրում դարձրել Մայր Եկեղեցու պայծառացմանը, ազգային բարօրությանն ու առաջընթացին՚:
Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հայապահպանության և հայեցի դաստիարակության հնագույն օրրաններից մեկը` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (ՀՄՃ), գրեթե երկու դար շարունակում է կրթել նորանոր սերունդներ` հայ մանկան մեջ սերմանելով սեր և նվիրում ազգային եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ:
Ճեմարանի դերն անգնահատելի է հատկապես Հնդկաստանի, Իրաքի, Իրանի և Հարավ-Արևելյան Ասիայի հայ համայնքի կրթական և դաստիարակչական գործում:
Կրթօջախի պատմությանն ու անցած ուղուն նվիրված գրականության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն տարբեր տարիներին հրատարկված սույն հաստատության շրջանավարտների աշխատությունները:
ՀՄՃ-ը հիմնադրվել է 1821թ. Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում: Այն ծնունդ էր 18-րդ դ. երկրորդ կեսից Կալկաթայում սկիզբ առած դպրոցական շարժման:
Մոտ կեսդարյա փորձություններից հետո Կալկաթայում ազգային վարժարան հիմնելու մտահաղացումը պատկանում է Ջուղայեցի բարեգործ վաճառական Աստվածատուր Մուրադխանյանին: Այս ուսման հարգն իմացող մարդն իր մահից առաջ 8000 հնդկական ռուփի է կտակում հայ պատանիների համար ազգային դպրոց հիմնելու նպատակին: Նա իր կտակում նշում էր. «… Թողածս մապլաղ ութն հազար ռուփի սքէն մնայ իմ կտակակատարաց ձեռնումն և կառավարութենումն որ պարտականան դնեն Ինկլիզի կումպանու խազանումն մուդաթի (տոկոսի), և մուդաթն տարէց տարի իմ կտակակատարք գդանեն, և իմ ըսդատումն ջամայ առնեն մինչ` ի Աստուծոյ ողորմութիւնն ծագի մեր բոլորովին մոլորեալ և ողորմելի ազգի վերէն` որ մտածեն այսքան մին առաջի հարկաւոր և պիտանի բան հիմնադրեն, և հաստադեն…»:
Դժբախտաբար իր կտակը կազմելուց երկու տարի հետո Մուրադխանյանը մահանում է, և նրա իղձը մոռացության է մատնվում շուրջ երկու տասնամյակ, այսինքն մինչ այն պահը, երբ Ջուղայեցի մեկ այլ վաճառական` Մնացական Սմբատ Վարդանյանը, որոշում է վերստին հրապարակի վրա դնել ազգային վարժարանի խնդիրը: 1816թ. նա տպագրում է «Հրավիրակ» անունով մի տետր, իսկ մեկ տարի անց հրապարակում կոչ, ուր ազգակիցներին հորդորում է լինել առատաբուխ և նվիրատվություններ կատարել վարժարանը հիմնելու համար.«…որպէս երկունք տենչանաց իմոց երկնեն զիս անդադար, նոյնպէս և ես ոչ դադարեմ յարաժամ, դիմել առ պատուելի ազգդ իմ. կոչելով զամենեսեան յօգնութիւն յայսմ ազգօգուտ ծննդեան ուսումնարանի»:
Նվիրատվությունների արդյունքում Վարդանյանին հաջողվում է հավաքել 59.583.00 ռուփի, և ի վերջո 1821թ. ապրիլի 2-ին Հայոց մարդասիրական ճեմարանը կյանքի է կոչվում:
Հավերժացնելու համար զույգ հիմնադիրների հիշատակը` 1846թ. որոշում կայացվեց երկու մարմարե հուշասալիկներ զետեղել ճեմարանի որմի վրա` մի պատշաճավոր տեղում, որոնք այսօր էլ շարուանկում են վառ պահել հիշողությունը նվիրյալների հանդեպ:
ՀՄՃ-ի առաջին շենքը գտնվել է Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու մերձակայքում` հին Չանա Բազար փողոցում, ուր այդ ժամանակ կենտրոնացած էր կալկաթահայության մեծամասնությունը: Երկար ու ձիգ տարիներ թափառելուց հետո 1884թ. ճեմարանը վերջապես տեղավորվում է Ֆրի Սքուլ (Միրզա Գալիբ) փողոցի ներկայիս եռահարկ շենքում, որը գնվում է 48. 000.00 ռուփիով: Այս շենքը նաև հայտնի է որպես անգլիացի նշանավոր վիպասան Ուիլիամ Մեկպիս Թաքրիի (1811-1863) ծննդավայր, այդ մասին արձանագրված է ճեմարանի գլխավոր մուտքի աջ պատին` մարմարյա սալիկի վրա: Հուշատախտակ է նվիրված նաև 1820-1850թթ բարերարներին` անվանումներով և հանգանակությունների գրառումներով:
Ճեմարանն իբրև կրթական կառույց` իր վերջնական տեսքն է ստանում 1930թ., երբ գնվում է դպրոցամերձ հողատարածքը և վերածվում ապահով ու ընդարձակ խաղահրապարակի: Նույն ժամանակ խաղահրապարակի հարավային կողմում Պետրոս Հ. Կրետյանի բարերարությամբ տղաների և աղջիկների համար կառուցվում է ճեմարանի լողավազանը:
Սկզբնական շրջանում Մարդասիրական ճեմարանն ուներ նաև օրիորդաց բաժին` իր ուսուցիչներով և դասասենյակներով, սակայն 1842թ. այն փակվում է: Որոշ ժամանակ անց Հովհաննես Ավդալյանն իր տանը հիմնում է մի մասնավոր օրիորդաց վարժարան` Գալուցյան դպրոցը. այն ևս երկար կյանք չի ունենում:
1846թ. փետրվարի 16-ին տ. Շուշան Մ. Դ. Թաղիադյանը բացում է մի նոր օրիորդաց դպրոց` սուրբ Սանդուխտ, որը հետո ունենում է նաև տղաների բաժին: Դպրոցը գոյատևում է 6 տարի:
1922թ. Դավիթ Ավետիք Դավթյան սեփական միջոցներով հիմնում է Դավթյան օրիորդաց տարրական վարժարանը, որը պահպանելով իր ինքնուրույնությունը` 1949թ. միանում է Մարդասիրական ճեմարանին և դիմում է Արևմտյան Բենգալիայի Երկրորդական կրթության խորհրդին` Հայոց Մարդասիրական ճեմարանը որպես երկսեռ դպրոց ճանաչելու համար:, Դիմումն ընդունվում է 1953թ.: 1958թ. Մարդասիրական ճեմարանը ստանում է կրթական բարձր երկրորդական հաստատության կարգավիճակ (Higher Secondary Educational Institution):
Մարդասիրական ճեմարանը գործում է Հնդկաստանի կրթական ծրագրերին համապատասխան, կրթությունը անգլերեն լեզվով է, սակայն դպրոցում դասավանդվում է նաև Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայ եկեղեցու պատմություն, Հայոց պատմություն և Երգ-երաժշտություն առարկաները:
Ի սկզբանե ճեմարանի վերին հսկողությունը գտնվում էր հիմնադիր անդամներից կազմված Խնամակալական մարմնի ներքո` ՙԱնդամք Հայկեան Մարդասիրական Ճեմարանին՚ անունով: Անդամակցության գումարը կազմում էր 250 ռուփի, որը 1842թ. նվազեցվում է 200-ի:
Ճեմարանի ընդհանուր կառավարման իրավունքը պատկանում էր չորս հոգաբարձուներին` ընտրված Անդամների ընդհանուր ժողովում, որոնք պարտավորվում էին. ՙ… անթերի և անխոտոր ի գործ դնել զամենայն կարգս և կանոնս հաստատեալս վասն դպրոցին, և յամենայնի ջանալ զօգուտս նորա յառաջացուցանել, առնելով ի կատարման պարտեաց պաշտոնի իւրեանց զայնպիսի կատարելագործութիւնս, որ հայիցին ի բարի նպատակս նոցին»:
Չորս հոգաբարձուներց մեկը ընտրվում էր երեց հոգաբարձու, որի ուսերի վրա էր ծանրացած ճեմարանի վերատեսչությունը, հրաժարվում էր` ամեն տարի իր ավագության դիրքը զիջելով երկրորդ հոգաբարձուին:
Դպրոց կարող էին ընդունվել 8 տարին լրացած երեխաները և սովորում էին մինչև 18 տարին լրանալը: Սկզբնական շրջանում ուսումը վճարովի էր. բնակիչ աշակերտի ամսավճարը կազմում էր 30 ռուփի: Սննդի, բնակության և ընդունելության համար վճարվում էր 16 ռուփի, իսկ 6 ռուփի` մաքրության և նորոգության համար8: Բնակիչ աշակերտի տարիքը պետք է չլիներ 6-ից ցածր: Այն երեխան, ում ծնողն ի վիճակի չէր վճարել, ճեմարանը, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ինքն էր հոգում ծախսերը: Այսօր ճեմարանը գործում է բացառապես գիշերօթիկ դպրոցի կարգավիճակով, և ուսումը անվճար է:
Ըստ կանոնակարգի սահմանվում էր նաև ճեմարանի գլխավոր վարժապետի կամ ռեկտորի պարտավորությունները: Վերջինս նախ պետք է լիներ հայ, տիրապետեր հայոց լեզվին և լիներ հավատացյալ Հայ Առաքելական եկեղեցու: Նա ընտրվում էր ճեմարանի ընդհանրական ժողովի անդամներից և ամսական աշխատավարձը սահմանվում էր ոչ պակաս, քան 300 ռուփի9:
Անգլիական լեզվի առաջին վարժապետը պետք է լիներ անգլիական եկեղեցու հետևորդ, տիրապետեր անգլերենին և լատիներենին: Ընտրությունը կատարվում էր նախորդի սկզբունքով, և աշխատավարձը կազմում էր ավելի քան 100 ռուփի:
Հայ վարժապետուհու համար պարտադիր պայման էր համարվում հայերեն խոսելը` «առանց խառնելոյ զայլազգական բառս»: Ի դեպ, եթե հայ վարժապետուհու աշխատավարձը կազմում էր 30 ռուփի, ապա անգլիացի վարժապետուհունը` ավելի քան 100 ռուփի:
Օրվա ժամանակացույցի կանոնակարգումը գրեթե պահպանվել է առ այսօր. «մանկունքն յամենայն առաւօտու զարթիցեն ի ժամու արձակման թնդանօթին…Յութն կէս ժամուն ուսման զանգակն հարցի, և մանկունքն ի դպրոցի անդ մինչև ցժամն երկրորդ մնասցեն»:
Կանոնադրությամբ սահմանված է նաև արձակուրդի, պարգևատրության և պատժի, սննդի, հագուստի, սպասավորների և այլնի վերաբերող կանոնները: Կանոնագրքի վերջում որպես հավելված զետեղված են մի շարք աղոթքներ:
Հայտնի է, որ 1924թ. հունվարի 1-ին ճեմարանին է փոխանցվում 1819-1823թթ. Կալկաթայում գործող հայկական տպարանը, սակայ 1843թ. կանոնադրության մեջ արդեն իսկ անդրադարձ է կատարվում ճեմարանի տպարանին. ՙճեմարանի տպարանն միշտ պահեսցի ի վիճակի նորոգութեան և պատրաստության, մի տպեսցի առասպելք կամ կեղծեալ պատմութիւնք…»: Տպարանը իր գոյությունը շարունակում է մինչև ութսունական թվականների սկիզբը:
Մարդասիրական ճեմարանի անգնահատելի ձեռքբերումներից մեկն էլ Արարատյան գրադարանն է, որը հիմնադրվել է 1828թ. ապրիլի 7-ին: Վերոնշյալ կանոնադրության տվյալներով գրադարանում եղել է ՙհազար ընտիր մատեանք ի լեզու Հայոց, Յունաց, Լատինացւոց, Գաղղիացւոց, Հոլլանդացւոց, Պարսից, Սինէացւոց և այլոց արևելեան և արևմտեան ազգաց»:
Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում կլիմայական պայմանների և անտարբերության հետևանքով գրքերի զգալի մասը ոչնչացել կամ անհետացել է, այն, ինչ կա այսօր, գտնվում է ամենօրյա խնամքի տակ և արվում է հնարավորինս` եղածը պահպանելու համար:
Արարատյան գրադարանն ունի բավարար թվով ժամանակակից հայերեն և անգլերեն գրքեր և կանոնավոր կերպով ստանում է զանազան թերթեր ու պարբերականներ:
Ճեմարանը իր պատմության առաջին հարյուրամյակում ունեցել է աշակերտների թվաքանակի կտրուկ տատանումներ: Եթե 1865 թ. ճեմարանում սովորել է ընդամենը 1, ապա 1874թ.` 74 աշակերտ15, իսկ 1932թ.` 138 աշակերտ:
Ճեմարանի կառավարումն ավելի կանոնավոր հիմքերի վրա դնելու համար 1879թ. Բենգալիայի Բարձրագույն Ատյանում Ընդհանուր իրավաբանի (Advocate General) կողմից ¥ընդդեմ ճեմարանի ժամանակի հոգաբարձուների և անդամների) սկսվում է մի դատ, որը հանգեցնում է ճեմարանի նոր կանոնադրությանը: Դատարանի կողմից այն հաստատվում է 1883թ.:
Կանոնադրությունը մանրամասն ճշգրտում է ճեմարանի խնամակալական մարմնի և հոգաբարձուների իրավասությունները, սակայն որևէ փոփոխություն չի նախատեսվում դպրոցի ընթացիկ ներքին կարգուկանոնի հետ կապված: Նոր կանոնադրությամբ ճեմարանի հոգաբարձուների թիվը չորսից իջեցվում է երեքի, իսկ խնամակալական մարմնի անդամների թիվը հասցվում 12-ի18:
Այս շրջանից սկսած զարկ է տրվում անգլերենի ուսուցմանը` ի վնաս հայերենի, միաժամանակ ճեմարանը սկսում է համագործակցել Կալկաթայի համալսարանի հետ, իսկ 1880-ական թվակաների վերջին կրթօջախի տնօրինությունը անցնում է անգլիացի տեսուչների ձեռքը: Այս վիճակը պահպանվում է մինչև 1952թ.19:
Ըստ Ջ. Հանանյանի.« … Իրավիճակի մեղավորները հնդկահայերն են, քանի որ վերջիններս այն համոզմունքն ունեին, որ այդ կերպ ավելի զարկ կտրվի անգլերենի ուսուցմանը, որը իբրև նախամեծար անհրաժեշտություն, գերադասելի է հայերենից»:
Այսպիսով, անկումներով և վերելքներով լի է ճեմարանի պատմությունը: Մասնավորապես 20-րդ դարի երկրորդ կեսին դպրոցը հայտնվում է ծանր կենսապայմաններում, անկում է ապրում կրթական մակարդակը:
Հնդկահայ համայնքը ճեմարանի փրկության հույսը կապելով Հայ Առաքելական եկեղեցու հետ` 1998թ. դիմում է Կալկաթայի Բարձրագույն դատարան` ճեմարանի վարչական իրավասությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու համար:
Բարեբախտաբար, 1999թ. փետրվարի 15-ին Կալկաթայի Բարձրագույն դատարանը որոշեց Հայոց մարդասիրական ճեմարանը հանձնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը: Սկսվում է ճեմարանի պատմության արդի փուլը: Նույն թվականին Կալկաթա է գալիս Հայաստանից ժամանած աշակերտների առաջին խումբը: Արդեն 2003թ. կրթօջախում ուսում էր ստանում 149 երեխա:
Հետագայում նկատվում է աշակերտների թվի նվազում (առկա կլիմայական պայմաններին հատկապես դժվար են հարմարվում Հայաստանից ժամանած աշակերտները):
Այժմ ճեմարանն ունի 75 աշակերտ, ևս 12-ը սովորում են բարձրագույն դպրոցում, իսկ 3–ը` քոլեջում: Ամենքն էլ գտնվում են ճեմարանի հոգատարության ներքո:
Այսօր ՀՄՃ–ը բարվոք կենսապայմաններում է, ապահոված է համապատասխան մասնագետներով և գտնվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խնամքի և հոգատարության ներքո: Մոտ ապագայում ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտը հնարավորություն կստեղծի մեծացնել աշակերտների թիվը:
Դեռևս 1982թ. Սիդնեյում հրատարակվող «Ձայն» պարբերականը Հայոց մարդասիրական ճեմարանը ճանաչեց իբրև աշխարհի գործող հայկական հնագույն կրթօջախ:
Հայր Խորեն Հովհաննիսյան, Հնդկահայոց հոգևոր հովիվ
Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ












