Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի Նախագահի հետ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հունվարի 15-ին Աթենքի նախագահական պալատում, պաշտոնական հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որին ներկա էին Հունաստանի եկեղեցու առաջնորդ՝ Հերոնիմուս Բ. Արքեպիսկոպոսը և հայ ու հույն բարձրաստիճան հոգևորականների պատվիրակությունը:
Կաթողիկոսը Հունաստան էր այցելել համայն Հունաստանի հոգևոր առաջնորդ, Հերինիմոս Բ. Արքեպիսկոպոսի հատուկ ու պաշտոնական հրավերով: Արամ Ա. Կաթողիկոսին օդանավակայանում պաշտոնապես ընդունեց պետության ներկայացուցիչը և Հունաստանի եկեղեցու մետրոպոլիտներից ու եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը: Նրան ողջունելու էին եկել նաև Հայաստանի ու Լիբանանի դեսպանները: Որպես պետության և եկեղեցու հյուր, Արամ Ա. Կաթողիկոսն արժանացավ զինվորական ջոկատի հատուկ պատվի: Նախագահին հանդիպելուց առաջ Արամ Ա. Կաթողիկոսը աղոթք կարդաց Աթենքի առաջնորդանիստ եկեղեցում:
Հանդիպման պաշտոնական մասում տեղի ունեցավ ողջույնների փոխանակում, և Արամ Ա. Կաթողիկոսը Հունաստանի նախագահին փոխանցեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանի բարեմաղթանքները: Նախագահը, իր հերթին ուրախություն հայտնեց ազգային միասնական կառավարության կազմի առիթով և մաղթեց, որ Լիբանանի միասնականությունն իր ազդեցությունն ունենա նաև Միջին Արևելքի խաղաղության գործընթացի վրա:
Հանդիպման ընթացքում, Արամ Ա. Կաթողիկոսը հանգամանորեն անդրադարձավ մի քանի էական հարցերի: Նախ, շեշտեց Միջին Արևելքի մեջ քրիստոնեության ներկայության և վկայության կարևորությունը համայն քրիստոնյա աշխարհի համար. քրիստոնեության ծննդավայրի մեջ նրա ամուր պահպանումը ու մանավանդ իսլամության հետ գոյակցությունը միջկրոնական առումով անhրաժեշտություն է: Ապա, Արամ Ա. Կաթողիկոսը խոսեց հայ և հույն եկեղեցիների դարավոր կապերի ու պատմության ընթացքում արձանագրած բարեկամական հարաբերությունների մասին:
Հանդիպման վերջին բաժնում Արամ Ա. Կաթողիկոսի և Հունաստանի նախագահի խոսակցությունը կենտրոնացավ Հունաստանի հայ գաղութի վրա: Կաթողիկոսը հավաստիացրեց, որ հայ ժողովրդի զավակներն իրենց ապրած երկրների լիիրավ քաղաքացիներն են, իսկ Հունաստանում, ամբողջությամբ շաղկապված երկրի ժողովրդի կյանքին ու մշակույթին, միաժամանակ պահելով իրենց ազգային ավանդույթները, ջանում են իրենց երկրի կյանքը ծաղկեցնել իրենց արդար վաստակով ու քաղաքացիական պարտաճանաչությամբ:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ավարտին, Արամ Ա. Կաթողիկոսը Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության Իշխանի շքանշանով պարգևատրեց Հունաստանի նախագահին: Իսկ նախագահը Արամ Ա. Կաթողիկոսին նվիրեց թանկարժեք ոսկեպատ Ավետարան:
Նախագահին հանդիպելուց հետո Արամ Ա. Կաթողիկոսը ներկա գտնվեց իր պատվին Լիբանանի դեսպանատանը տված ճաշկերույթին:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












