ՀՀ ԱԳ նախարարը խոստացել է մեկնաբանություն պահանջել Թուրքիայի ԱԳՆ-ից
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, Թուրքիայի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել` դժգոհելով, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանդրական դատարանի կայացրած որոշումը նախապայմաններ է պարունակում, որոնք «հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին»:
Այս առիթով ArmAr.am-ի լրագրողի հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը երեկ ասել էր, թե` ըստ ՍԴ մասին օրենքի, ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը և որ հայտարարության մասին պաշտոնական տեսակետ կարող է հայտնել միայն ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ արտգործնախարարության` լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանից armAr.am-ը տեղեկացավ, որ
ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի, հանդես կգա համապատասխան հայտարությամբ. այն չուշացավ:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից մեզ փոխանցեցին ԱԳ նախարար Նալբանդյանի հետևյալ խոսքը. «Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ` պարոն Դավութօղլուի հետ` տարակուսանքս հայտնելու և պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտեղ է տեսել նախապայմաններ, և ինչով է այն հակասում արձանագրությունների հիմնարար նպատակին: Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»:
ArmAr.am












