Ալևիները` թուրքական նոր խաղաքարտ
Կրոնական ու էթնիկ բախումներով հարուստ Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ակտիվացել է ալևիների կրոնական շարժումը, որը համառորեն պահանջում է իրավունքների ընդլայնում և համապատասխան պաշտպանություն քրդերից:
Դեռևս 2009-ի գարնանից Անկարայում սկսված ալևիական լայնամասշտաբ ցույցերն ու բողոքի ակցիաները անհանգստություն առաջացրին թուրքական իշխանությունների մոտ, որոնք էլ մի քանի անգամ ապարդյուն փորձեցին համաձայնության գալ վերջիններիս հետ: Թուրքական իշխանությունները համառորեն մերժում են ալևիներին կրոնական համայնքի կամ փոքրամասնության կարգավիճակ տալ, նրանց աղոթատեղիները ճանաչված չեն պետության կողմից, իսկ ալևիների երեխաները ստիպված են կրոնական պարտադիր դասընթացների մասնակցել, որոնց բովանդակությունը չի համապասխանում իրենց դավանանքին:
Այդպիսի հարկադրանքի, ի դեպ, ենթարկվում են նաև հայ փոքրամասնության ներկայացուցիչները:
Կրոնական պարտադիր դասընթացները Թուրքիայում հիմնված են սուննի մահմեդականության վրա, մինչդեռ ալևիներն, օրինակ, նախաիսլամական, իսլամանական եւ քրիստոնեական որոշ ծիսակատարությունների ձուլումից ստեղծված մի դավանանքի կրող են: Նրանց պաշտամունքի վայրերը` սեմեվիները, սակայն, մշտապես արգելվում ու փակվում են հատուկ այդ նպատակներով ստեղծված, Թուրքիայի կրոնական կոմիտեի, կամ որ նույնն է, նախարարության կողմից:
Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցներում Թուրքիայում բնակվող ալևիների թիվը նշվում է 16 մլն, սակայն տարբեր աղբյուրներ այն հասցնում են մինչև 20 միլիոնի: Նրանք գլխավորապես կենտրոնացած են Սվազ քաղաքում ու դրա շրջակայքում: Այստեղ էլ հաճախ տեղի են ունենում ալևիների ու քրդերի բախումներ, որոնք, ինչպես համոզված է ալևի առաջնորդներից Վելի Դերգահնայսը, հրահրվում են հենց թուրքական իշխանությունների կողմից: Վերջինիս խոսքերով, թուրքերը լավ են հասկանում, որ ալևիների դեմ միջնորդավորված պայքար պետք է ծավալել, այլապես երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը, որ ալևիներն են կազմում, անկառավարելի կարող է դառնալ: Վերջինս, նաև պատմական անդրադարձ կատարելով, ասել է, որ իրենց հետ նույն երևույթներն են տեղի ունենում, ինչ` նախորդ դարասկզբին հայերի հետ:
Թուրքական քաղաքականությունը, ինչպես Հայոց Ցեղասպանության նախօրդող և բուն օրերին, այս դեպքում արդեն ալևիների դեմ քրդական զենքն է ոտքի հանում: Ալևիների մոտ դեռ թարմ են 1993թ. Սվազի Մադըմաք հյուրանոցում իրենց 40 յուրայինների դաժան սպանության հիշողությունները: Դրանից հետո չնայած միջազգային կազմակերպությունների ջանքերով նման չափերի արյունահեղություն չի եղել, բայց երկու համայնքերի թշնամությունը շարունակվում է:
Հայ-թուրքական երերացող հարաբերությունների ներկա պայմաններում Թուրքիայի ներքին խժդժություններն, իհարկե, կարող են օգտագործվել այդ երկրի իշխանությունների կողմից` մի ձեռքով երկու ձմերուկ բռնելու համար: Նախ` թուրքական իշխանությունները քայլեր են անում քրդական ու ալևիական էթնիկ միավորներին տրամադրել հայերի դեմ, ապա դա օգտագործել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետաձգման ու այդ ընթացքում էլ նույն այդ անվան տակ, հատկապես, ալևիների հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Ալևիներն այդ առումով արդեն սկսել են «ախորժել թուրքական կորեկը»: Ալևիական «Ցեմ» կազմակերպության ղեկավար Իզզեթին Դողանը հայտարարել է, թե թուրքական իշխանությունները պետք է պայքարեն մահմեդականության հետ ոչ մի կապ չունեցող ազգերի ու համայնքների դեմ, ինչպիսիք հայերն են: Թուրքահայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները վերջին ամիսներին առերես դրական վերաբերմունք են ցուցաբերում, անգամ կառավարության մեջ հայ ներկայացուցչի են ընդգրկում: Արդյունքում պետականորեն կազմակերպված ահաբեկչությունը Թուրքիայում նոր շարունակություն է ստանում` «Էրգենեկոնի» գործին միացնելով նաև ալևիա-քրդական բախումները` փորձելով քավության նոխազ դարձնել տեղի հայ բնակչությանը:
Նաիրի Հոխիկյան












