Գլխավոր » Լրահոս

Ծառերն օգնության կարիք ունեն

Հունվար 20, 2010թ. 13:25

DSCF2737Ջերմուկ առողջարանային գողտրիկ քաղաքն օրեցօր զարգանում, նոր շուք է ստանում: Սակայն քաղաքին շուք հաղորդող եղևնիներն ու սոճիները տապալվում են` չդիմանալով ձյան ծանրությանը:

«Այս տարին աննախադեպ է: Ձյան անսպասելի առատ տեղումների հետևանքով օրեցօր մեծաթիվ ծառեր են կոտրվում կամ տապալվում»,-պատմում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության Վայոց Ձոր մարզի մասնաճյուղի ավագ անտառապետ Սամվել Այվազյանը: Թե Ջերմուկի քաղաքապետարանից, թե մարզային կենտրոնից հավաստիացրին, որ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվում կործանվող ծառերը փրկելու համար: Հին քաղաքաբնակները հիշում են, թե ինչպես էին ժամանակին նույնիսկ դպրոցականներին հավաքում, ծառերը թափահարելով ազատում ձյան ծանրությունից: Ջերմուկի Քաղաքային այգին հիմնադրող Կիրիլ Դրապելոն  անձամբ էր մասնակցում այս աշխատանքներին, երբեմն նաև դառնացած լաց լինում, երբ որևէ ծառ էր կոտրվում:

Այսօր տեղական իշխանությունները նույնպես անհանգստացած են: Ջերմուկի հիմնական գրավչությունն  ու կենարար օդն ապահովում են նաև ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա աճող փարթամ ծառերը:

Վայոց Ձորի մարզում 7656 հա անտառածածկ տարածքից  2336-ը գտնվում է Ջերմուկին հարող տարածքում, իսկ քաղաքային այգին կազմում է 500հա:

«մեր ունեցած միջոցներով ու հնարավորության սահմաններում փորձում ենք պահպանել եղածը, սակայն սա լուրջ պետական հոգածության խնդիր է  և մենք չենք կարող թույլ տալ, որ  տարիների մեր այս հրաշք ձեռքբերումը ավերվի բնական աղետներից, ապօրինի հատումներից և որ ամենակարևորն է` անտարբերությունից»,- ասում է Ջերմուկի  քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Քաղաքային զբոսայգում  դեռ  1950-ականներից տնկված ծառերը մեկ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան ծանրությունից կոտրվում կամ տապալվում են: Մնացածներին առավոտյան փրկում են հնարավորինս հասանելի վայրերում` թափահարելով:

Ընդհանուր առմամբ, բնական այս  աղետը կապված է նաև կլիմայական փոփոխությունների հետ: Ջերմուկում միշտ էլ առատ է եղել ձյունը, բայց և` ցուրտ: Այս տարվա տեղումներին ավելացել է  բարձ ջերմաստիճանը: Իսկ թաց ձյան ծանրությանը հատկապես սոճիները չեն դիմանում, քանի-որ թույլ են կենտրոնական հատվածում:

Նախորդ տարի Վայոց Ձորում տապալված ծառերի թիվը 50 է եղել, 5-10 խորանարդ էլ կազմել են կոտրվածները: Մինչդեռ այսօր` Ջերմուկում ճանապարհի եզրով անցնելիս անգամ, կարելի է տասնյակ անշնչացած եղևնիներ ու սոճիներ տեսնել, որոնք տասնյակ տարիներ զարդարել են շրջակայքը, եղել քաղաքի պատմության լուռ տարեգիրները …

Արփինե Ավետիսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն