Ս. Տարասով. «Որտեղի՞ց Բաքվին այդքան վստահություն, որ կան ուժեր, որոնք ղարաբաղյան «կրակից շագանակներ կհանեն»` Ադրբեջանի համար»
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը` գրում է. « Ինչպես նշվում է մամլո հաղորդագրույթան մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ընդ որում, երկու երկրների ղեկավարները խոսելու շատ բան ունեին, քանի որ նախօրեին Ռուսաստան էր այցելել Թուքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Մոսկվային կոչ էր արել ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Դրանից հետո Երևան այցելեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը»:
Ռուս վերլուծաբանը նկատում է.«Կարծում ենք, որ պատահական չէր Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի օրն իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Բաքվում նախարարների կաբինետի ընդլայնված նիստի հրավիրումը, որտեղ նա ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը: Ընդունելով այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայությունը, նա միաժամակ հստակեցրեց, թե ինչ ճանապարհներով պետք է լուծվի հիմնախնդիրը՝ հիմնարար համարելով անցյալ տարի Աթենքում արտգործնախարարների մակարդակով ԵԱՀԿ նիստում ընդունված փաստաթուղթը: Ալիևի խոսքերով, հենց այդ փաստաթղթում է նշվում, որ «այս հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այսպիսով, Բաքուն դիվանագիտական ազդանշան ուղարկեց միաժամանակ թե’ ԵԱՀԿ Մինսկի խմբին, թե’ Մոսկվային, և թե’ Երևանին: Ալիևը հատուկ շեշտադրում կատարեց Ադրբեջանի ռազմական և բանակային ներուժի հզորացման գործոնի վրա, որը նրա կարծիքով, ամենակարևոր դերերից մեկն է խաղում բանակցային գործըթացում: Մնացածում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել. Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական շրջաններից, իսկ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ձևաչափում»:
Իրավիճակը ներկայացնելուց հետո քաղաքագետը` ի պատասխան Ալիևի հայտարարության, հարց է հնչեցնում. «Խնդիրն այստեղ միջազգային նորմերի նրբությունների մեկնաբանումը չէ, այլ իրադարձությունների հնարավոր զարգացման իրական պատկերացումը: Օրինակ, արդյո՞ք, ադրբեջանցի քաղաքական գործիչներն անկեղծորեն հավատու՞մ են, որ Ղարաբաղի հայերն այսքան տարի ինքնուրույն պետականություն կառուցելու պատկառելի փորձ ձեռք բերելուց հետո, կցանկանան նորից հայտնվել Ադրբեջանի իրավասության ներքո: Սա առաջին: Երկրորդ, եթե Բաքուն Ղարաբաղի հայերին դեռ համարում է իր քաղաքացիները, ապա ինչու՞ ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում, երբևէ որևէ քայլ չի կատարել լարվածությունը թուլացնելու, Հայաստանի և Ղարաբաղի հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ, որպեսզի ստեղծվեր գլխավորը՝ քաղաքական և մարդկային հավատ մեկը մյուսի հանդեպ: Ընդհակառակը, Ադրբեջանը նպաստեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացի խանգարմանը, որը կարող էր նվազեցնել ազգամիջյան լարվածությունը»:
Իսկ թե ինչու՞ է Բաքուն որդեգրել նման անհեռատես քաղաքականություն` Տարասովը սեփական հարցին այսպիսի հրացադրմամբ է պատասխանում.«Ապագայում ադրբեջանցի պատմաբաններն անպայման մանրամասն կուսումնասիրեն այս իրավիճակը և կպատասխանեն մի պարզ հարցի` դա ադրբեջանական քաղաքական իշխող վերնախավի քաղաքական իմաստության դեֆիցիտի արտահայտո՞ւմն էր, թե՞ ցինիկ հաշվարկ՝ ղարաբաղյան ալիքի և այլ դիմակայության շնորհիվ մնալ իշխանության ղեկին: Որտեղի՞ց Բաքվին այդքան վստահություն, որ աշխարհում գոյություն ունեն շահագրգիռ ուժեր, որոնք ղարաբաղյան «կրակից շագանակներ կհանեն» Ադրբեջանի համար»:
«Արժե՞, արդյոք, մեղադրել Մոսկվային, ինչպես դա անում է բաքվեցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ ղարաբաղյան հակամարտությամ մեջ բեկման իմիտացիա ստեղծելու համար: Չէ ո՞ր փաստ է, որ Մոսկվան առաջին անգամ չէ, որ կազմակերպում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով, աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և շարունակում է իր ուժերի չափով նպաստել խաղաղ երկխոսության պահպանմանը հակամարտող կողմերի միջև: Այս իմաստով, Մոսկվայի դիրքորոշումը հետևողական է և հաստատուն: Մինչդեռ, Ադրբեջանը շատ կարճ ժամանակահատվածում անցավ տատանումների ամպլիտուդը՝ «նոր ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարից մինչև «Հարգարժան Դմիտրի Անատոլևիչ»…
Ստանիսլավ Տարասովն իր հոդվածում անդրադառնում է նաև օրերս` Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի` Ստեփանակերտ կատարած այցելությանը: Քաղաքագետը գրում է. «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց`հակամարտության ուժային լուծման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացարձակ անընդունելիության մասին: Իր հերթին ԼՂՀ ղեկավարը ճշգրտեց. «ԱՐՑԱԽԻ անկախությունն ու անվտանգությունը սակարկման առարկա չեն, և դա անտեսելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հակամարտության համապարփակ կարգավորումը»: Ստանիսլավ Տարասովն իր հոդվածն ավարտում է այսպիսի մտքով. «ԱՄՆ ներկայացուցչին` ԼՂՀ նախագահի ուղղած այս խոսքերը շատ խոսուն են»:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












