Արտաքին պարտքի ցուցանիշը կշարունակի բարձր մնալ
Անցած տարում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականությունը ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության ապահովմանը:
Նախարարության տարեկան հաշվետվությունում արձանագրվեց, որ 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա: Տարեսկզբին գրանցվել է 0.7 տոկոս անկում, որը, խորանալով, հուլիսին հասել է 18,5 տոկոսի, տարեվերջին անկումը տեղի է տվել` կազմելով 16 տոկոս:
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ 2009-ին նվազել են պետական բյուջեի եկամուտները ինչպես հարկային, այնպես էլ այլ եկամուտների գծով: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 15.9 տոկոսով: Սակայն այս հանգամանքը չի խոչընդոտել, որպեսզի պետությունը կրճատի ծախսերը. ավելին` աճել են հատկապես կապիտալ ծախսերը: Դրանք նպաստել են աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև հանդիսացել են տնտեսական աճի կարևոր լծակ: Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու պետության այս քայլը հանգեցրել է պետբյուջեի դեֆիցիտի աճի: Դեֆիցիտը ծածկելու համար արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցներ են ներգրավվել: Արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը 2009-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 36 տոկոսը, մինչդեռ 20008-ին եղել է 13,2 տոկոս: Այդուամենայնիվ, պետական բյուջեի պակասուրդը 2009թ արդյուքներով կկազմի ՀՆԱ-ի շուրջ 7.4 տոկոսը:
Նշենք, որ արտաքին պարտքի կեսից ավելին գոյացել է 35-40 տարով տրամադրված վարկերից, որոնց արտոնյալ ժամաակաշրջանը 7-10 տարի է, այսինքն, այդ ընթացքում հիմնական գումարից մարում չի կատարվում: Դրանց միջին տոկոսադրույթը կազմել է 0.8 տոկոս:
ArmAr.am












