Գլխավոր » Լրահոս, Ջավախք, Քաղաքականություն

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ` նոր դատավարություններ

Հունվար 21, 2010թ. 13:13

Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն ընդունվել էր նույնպես հեռակա կարգով դեռեւս 2008թ. դեկտեմբերին:

Ներկայումս նաեւ ընթանում է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Արամ Բատոյանի նկատմամբ հեռակա դատավարությունը, որը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (կազմակերպության ղեկավարը Վահագն Չախալյանն է) կենտրոնի տնօրենն էր: Նրան վրացական իշխանությունների կողմից մեղսագրվում է ՋԵՄՄ-ի շենքում զենք պահելը, որն իբր հայտնաբերվել էր  2008թ. հուլիսի 21-ի խուզարկության ընթացքում:

«Երկիր» միությունը գտնում է, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ այս նոր հեռակա դատավարություններն ուղղված են ամրապնդելու Ջավախքում տիրող պետական ահաբեկչության ռեժիմը, ինչպես նաեւ  ջավախքահայության մեջ առկա վախի տրամադրությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից՝

1.Անհապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի նոր անաչառ հետաքննություն.

2.Վերանայել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունված բոլոր մեղադրական դատավճիռները.

3.Դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները:

«Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կազմկերպություններին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին ուշադրություն դարձնել Ջավախքում ծավալվող իրադարձություններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ջավախք, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն