Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան փորձում է վերադարձնել «իր արձանները»

Հունվար 21, 2010թ. 15:50

Jupiter_SmyrnaԸստ թուրքական «Hurriyet թերթի, անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետը պաշտոնական նամակ էր ուղարկել Լուվրի թանգարանի տնօրեն Հենրի Լոուրենին պահանջելով վերադարձնել ֆրանսիական թանգարանում պահվող արձանները, որոնք, նրա կարծիքով, պատկանում են Իզմիր քաղաքին (Էգեյան ծովի ափին գտնվող նախկին հունական Զմյուռնիա քաղաքը):

Խոսքը Զմյուռնիայի Ապոլոնի և Յուպիտերի արձանների մասին է: Դրանք երկուսն էլ հայտնաբերվել են 1680 թվականին: Յուպիտերի արձանը վերականգնվել է 1686 թվականին Պիեռ Գրանիի կողմից: Մարմարյա արձանն ունի 234 սմ բարձրություն: Այն գտնվում է Լուվրի թանգարանի հունական, էտրուսկական և հռոմեական բաժնում: Ապոլոնի արձանը ևս մարմարակերտ է, ունի 216 սմ բարձրություն և Յուպիտերի հետ գտնվում է թանգարանի նույն բաժնում:

Լուվրի թանգարանի տնօրենն իր պատասխան նամակում գրել է, որ այդ երկու արձանները, որոնք ցուցադրվում են աշխարհահռչակ թանգարանում «1680 թվականին օրինական ճանապարհով ձեռք են բերվել թուրքական շուկայից Ֆրանսիայի Լուի XIV թագավորի կողմից, ով արտոնյալ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ»: Միաժամանակ նա հիշեցրել է, որ ըստ միջազգային պայմանագրերի, չի պահանջվում վերադարձնել դարեր առաջ օրինական ճանապարհով ձեռք բերված պատմական հուշարձանները: Այդ ցուցանմուշները ֆրանսիական հավաքածուի անբաժանելի մասն են կազմում և չեն կարող վերադարձվել:

Սակայն Իզմիրի քաղաքապետը կարծում է, որ իր նամակը հասել է իր նպատակին. «Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս խնդրի շուրջ: Շատերն են մեզ իրենց օգնությունն առաջարկում: Միջազգային մամուլը գրեց այս մասին: Աշխարհի շատ բլոգերներ պատրաստ են աջակցել մեզª արձանները վերադարձնելու գործում»,- ասում է նա:

«Արվեստասեր» թուրք քաղաքապետը բնավ չի վհատվել Լուվրի տնօրենի բացասական պատասխանից և երկրորդ նամակն է ուղարկել նրան … համագործակցության առաջարկով  դա կարևոր քայլ համարելով հատկապես Էգեյան քաղաքակրթության ապագա թանգարանի հիմնադրման համար …

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն