Հետաքրքրությունների ու շահերի բախում` Ղարաբաղի շուրջ
«Ղարաբաղի խնդրի շուրջ այսօր շատ «խաղացողներ» են հավաքվել. դրանք ոչ միայն Ադրբեջանն ու Ղարաբաղն են, Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Արևմտյան Եվրոպայի երկրները ,և իհարկե, ԱՄՆ-ը, Թուրքիան ու Իրանը: Ընդորում, վերջինս, առայժմ լուռ դիտորդի դերում է»,-այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովը։
Վերլուծաբանի դիտարկմամբ, Ղարաբաղյան խնդրի վրա էական ազդեցությունն ունեցավ 2008թ. օգոստոսի 8-ի ռուս-վրացական հակամարտությունը, որը փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը Կովկասում։ «Այն, ինչ տեղի ունեցավ այն օրերին, այսօր արդեն ոչ ոքի համար գաղտիք չէ, որ արևմուտքի կողմից նախապես պլանավորված և նախապատրաստված ակցիա էր, որտեղՎրաստանը հանդես էր գալիս խամաճիկի դերում։ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձություններից անմիջապես հետո շատ երկրներում բարձրացվեց այն հարցը, որ պետք է Ղարաբաղի խնդիրը վերջնական լուծում ստանա։ Թուրքիան առաջինը ձեռնամուխ եղավ այդ գործին»։
Ռուս քաղաքագետը համոզված է, որ ԱՄՆ-ի հրահանգով Թուրքիան փորձեց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացին առավել ակտիվ ներգրավել Ռուսաստանին. «Քանի որ ԱՄՆ-ը նպատակ է դրել Ռուսաստանի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը։ Կհաջողվի՞ դա, թե՝ ոչ, այսօր որևէ մեկը չի կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ընթացող բանակցությունները փակ ընթացակարգով են, և մենք անտեղյակ ենք, թե իրականում ի՞նչ է կատարվում։ Չեմ ուզում գուշակություններ անել, սակայն այն, ինչ տեղի է ունենում, կարելի է անվանել՝ հետաքրքրությունների ու շահերի մեծ բախում. շահեր՝ Ադրբեջանի ու Հայաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև»։
ArmAr.am












