Ձկնաբուծությունը 1,5-2մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին
«Ձկնաբուծությունը տարեկան 1,5-2մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին», -համոզված է ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը: Նրա խոսքերով, նոր տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանում աճեցնել ավելի քան 150հզ տոննա ձուկ, որը մեծ պահանջարկ ունի և այժմ էլ լայնորեն սպառվում է արտերկրում: Ըստ Ա. Գևորգյանի, տնտեսության այս ճյուղը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ է, պետական աջակցություն, ինչը հնարավորություն կտա նաև կայուն շուկա ունենալ Ռուսաստանում և Եվրոպայում: «Հայ ձկնաբույծների միության» տնօրեն Արթուր Աթոյանն էլ առաջարկում է ճիշտ օգտագործել ունցած հնարավորությունները.
«Հանրապետության ձկնաբուծության համար բարենպաստ գոտիներում այսօր կան բազմաթիվ չօգտագործվող ջրային օբյեկտներ, որոնց` կենսառեսուրսների մեծացման նպատակով օգտագործումը հեռանկարային է ձկնաբուծության հետագա զարգացման համար: Նշված օբյեկտների ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի առանց ավելորդ էներգածախսի տարեկան աճեցնել 2500 տոննա կարպ եւ 1600 տոննա իշխան` միաժամանակ ապահովելով այդ ձկնատեսակների հետագա վերարտադրությունը»:
Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում են մանր, միջին եւ խոշոր ձկնաբուծական շուրջ 250 տնտեսություններ, որոնք տարեկան արտադրում եւ իրացնում են 3000-3500 տոննա ձուկ, հիմնականում` իշխան, թառափ եւ կարպ:
ArmAr.am












