Գլխավոր » Լրահոս, Ջավախք

«Ջավախքահայ ազգային- հասարակական գործիչները դատապարտվել են չապացուցված, անհիմն մեղադրանքներով»

Հունվար 21, 2010թ. 19:35

shirak_torosyanՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ   Շիրակ Թորոսյանը ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին տված հարցազրույցում,

մեկնաբանելով ջավախքահայերի «Երկիր» միության կողմից այսօր տարածած հաղորդագրությունը, նշեց, որ խնդիրը վերաբերում է 2008թ. հուլիսի 17-21-ը տեղի ունեցած իրադարձություններին, երբ ջավախքահայ քաղաքական մի շարք ակտիվիստների նկատմամբ շուրջկալներ, ձերբակալություններ կազմակերպվեցին, և որի ընթացքում ոստիկաններ սպանվեցին։

«Դրան հաջորդեց դատավարությունների շարք. ձերբակալվեց և 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Վահագն Չախալյանը, մեղադրանքներ ներկայացվեցին նաև Գուրգեն Շիրինյանին և Արամ Բատոյանին։  Նրանք բոլորն էլ մեղադրվում էին ինչպես 2005թ. հասարակական կարգ ու կանոնը խախտելու, այնպես էլ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ։ Գուրգեն Շիրինյանը մեղադրվում էր նաև չապացուցված սպանության մեջ։ Գուրգեն Շիրինյանի դատավարությունն ավարտվեց 2008թ. վերջերին, և քանի որ նա փախուստի մեջ էր, նրա հանդեպ 17 տարվա ազատազրկում կիրառվեց հեռակա կարգով»,- իրավիճակը ներկայացրեց Շ. Թորոսյանը։

Սակայն ինչպես նշեց ԱԺ պատգամավորը, վրաց իշխանությունները այս ամենից հետո էլ դադար չեն առնում։ 2009թ. նոր դատավարություն  է կազմակերպվել, և Գուրգեն Շիրինյանի պատժաչափը 3 տարով ավելացվել է՝ 17-ից դարձել է 20 տարի։ Տեղի ունեցած այս իրադարձություններին է, որ արձագանքել է «Երկիր» միությունը։

«Երկիր» միության հայտարարության էությունն այն է, որ վրացական իշխանությունները շարունակական դատական գործընթացներով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Ջավախքում, ահաբեկել ազգային հասարակական ակտիվիստներին, որպեսզի վերջիններս հրաժարվեն ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը միտված իրենց  արդարացի գործունեությունից։

Նրանք վրացական իշխանություններին կոչ են անում վերանայել անարդարացի դատավճիռները, և 2008թ. հուլիսյան դեպքերի առնչությամբ նոր, անաչառ և արդարացի դատաքննություն սկսել։

Ողջունում եմ «Երկիր» միության այս նախաձեռնությունը, քանի որ փաստ է, որ առաջադրված մեղադրանքներն  ապացուցված չեն, դատավճիռներն արդարացի չեն, ուստի ջավախքահայ ազգային- հասարակական գործիչները դատապարտվել են չապացուցված, անհիմն մեղադրանքներով։ Վրացական իշխանությունները ժողովրդավարությունը ապահովելու, հասարակության մեջ վստահությունը վերականգնելու համար պարտավոր են գտնել իսկական հանցագործներին ու   վերանայել ջավախքահայ ակտիվիվստների նկատմամբ կիրառված անարդարացի  դատավճիռները»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն