Հակոբ Չաքրյան.«Թուրքիան նպատակ ունի Հայաստանի վրա բարդել գործընթացի ձախողումը»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե արձանագրություններն է քննարկում, այլ դրանց հետ կապված` ՀՀ Սահմանադրական դատարանի վերապահումները»:
Ինչպես նկատում է թուրքագետը, ակնհայտ է, որ Թուրքիան ուզում է հետքայլ կատարել, և այդ նպատակով փորձում է օգտագործել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքական կողմը, միաժամանակ, նպատակ ունի Հայաստանի վրա բարդել հարաբերությունների կարգավորման գործընթացից իր հրաժարման ողջ պատասխանատվությունը:
«Այդ արձանագրությունները ստորագրվել են միջազգային ուժերի ճնշման տակ, և Թուրքիան ոչ թե դիմակայել է այդ ճնշումներին, այլ ընտրել է մեկ այլ մարտավարություն` ցանկացած առիթ օգտագործել կարգավորման գործընթացը ձախողելու համար. Հայաստանին դարձնել ձախողման պատասխանատու կողմ, իսկ ինքը` այս ամենից մաքուր դուրս գա: Սա է ողջ իրողությունը»,- նկատում է Հակոբ Չաքրյանը:
Սակայն, այստեղ լուրջ գործոն է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը և հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ունի հստակ ակնկալիքներ` հնարավորինս շատ զիջումներ պարտադրել Հայաստանին: Սակայն, Հակոբ Չաքրյանի համոզմամբ, Թուրքիայի ակնկալիքները չեն արդարացել. «Քանի որ և’ Բարակ Օբաման, և’ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հստակ ընդգծեցին, որ ոչ մի կապ չկա ու չի կարող լինել Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գարծընթացների միջև»:
ArmAr.am












