ԵՀՄՖ .« Պատասխանատվությունը կդրվի թուրքական իշխանությունների վրա` դրանից բխող ողջ հետևանքներով»
Եվրոպական հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն, ֆորումը հայտարարում է, որ ամբողջովին սատարում է հանրապետության նախագահի և արտաքին գործերի նախարարի կատարած քայլերը` հայ-թուրքական արձանագրությունների Սահմանադրական դատարանի հաստատած տարբերակով աշխատելու ուղղությամբ:
ԵՀՄՖ-ի նախագահությունը գտնում է, որ Հայաստանը կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք նախատեսված էին ստորագրված արձանագրություններում և խստինս դատապարտում է Թուրքիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի վերջերս կատարած հայտարարությունը` կապված Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրություների հաստատման հետ` գնահատելով այդ քայլը որպես արձանագրությունների վավերացումից հրաժարվելու փորձ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՀՄՖ-ն կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Թուրքիայի իշխանությունների անվճռական քայլերը Եվրոպայում ներկայացնելու և մեկնաբանելու ուղղությամբ: «Մոտական ժամանակում Թուրքիայի պառլամենտի կողմից արձանագրությունները չվավերացնելու դեպքում կատարված աշխատանքը վիժեցնելու պատասխանատվությունն ամբողջովին դրվելու է թուրքական իշխանությունների վրա` դրանից բխող ողջ հետևանքներով հանդերձ»,-նշվում է հայտարարության մեջ:












