Ռուսաստանն Ադրբեջանից գազ է ստանում՝ օգտվելով Բաքվի և Անկարայի միջև եղած քաղաքական հակասություններից
Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալության կայքը, հունվարի 21-ին «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ГНКАР) նախագահ Ռովնահ Աբդուլլաևի միջև կայացած հանդիպման ժամանակ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի, Ռուսաստանը 2011 թվականին կավելացնի Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մինչև 2 մլրդ խորանարդ մետր:
Կողմերը բարձր են գնահատել պայմանավորվածությունների հաջող կատարումը, նշելով, որ «Գազպրոմը» և ГНКАР-ը հետագայում ևս հետևողականորեն կզարգացնեն էներգետիկ երկխոսությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:
Հիշեցնենք, որ 2010-2014 թթ. համար ադրբեջանական գազի գնման վերաբերյալ պայմանագիրը ГНКАР-ի և «Գազպրոմի» միջև ստորագրվել էր 2009 թվականի հոկտեմբերին: Սկզբնական շրջանում նախատեսվում էր տարեկան ոչ պակաս, քան 500 մլն խորանարդ մետր գազ, սակայն հետագայում ГНКАР-ը որոշում կայացրեց արտահանումը երկու անգամ մեծացնել՝ հասցնելով տարեկան մինչև 1 մլրդ խորանարդ մետրի: Ռուսական կողմն Ադրբեջանի հետ համաձայնագիրն անվանում է բացառիկ, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ այնքան գազ, որքան անհրաժեշտ է՝ չսահմանափակելով նախապես հաստատված ծավալները:
Հարկ է նշել, որ գազի ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումը կայացավ Բաքվի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության մեկնարկի հետ կապված շատ խիստ դեմարշից հետո: Վերջինս ադրբեջանական գազի հիմնական գնորդն է, թեև ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի միջև դեռևս լուծված չէ գազի սակագների և Թուրքիայի տարածքով գազի տարանցման արժեքի հարցը:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












